Արմինֆո. Հոկտեմբերի 9-ին, Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ:
Արտգործնախարարները շնորհավորել են միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշել է. «Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և պատմական խորն արմատներ, և դրանք մենք զարգացնում ենք մեծ պատասխանատվությամբ: Մենք ունենք համագործակցության տարբեր հարթակներ, մեր երկրների միջև երկխոսությունը շարունակվում է առաջին դեմքերի մակարդակով»:
Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ գործունեությանը և նրա առջև ծառացած մի շարք օրակարգային խնդիրների:
Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխադարձաբար ընդգծվել է առևտրատնտեսական կապերի, ոլորտային համագործակցության ծրագրերի իրականացման և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Այս գործընթացում կարևորվել է Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը: Նախարարները նաև երկուստեք գոհունակություն են հայտնել երկու երկրների տարածքում պահվող համապատասխանաբար հայկական և թուրքմենական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ և հույս հայտնել, որ վերջինիս անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Զոհրաբ Մնացականյանը և Ռաշիդ Մերեդովը բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր: