Արմինֆո.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության մարզերում գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Ողջունելով և շնորհավորելով դեսպանին ՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբիի դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների գործընկերային հարաբերություններում զարգացման նոր հեռանկարներ կբացվեն։ Խոսելով Աբու Դաբիում Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին իր մասնակցության մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և նկատել, որ ԱՄԷ կատարված այցի ընթացքում առավել տեսանելի է դարձել հայ-էմիրաթական հարաբերություններում տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրացված ներուժը:
Իր հերթին դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին ընդգծել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը ԱՄԷ կառավարության համար և փոխանցել վերջինիս հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու նկատմամբ։ Դեսպանի խոսքերով այժմ քննարկվում է նաև Աբու-Դաբի-Երևան երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության կողմից։
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Air Arabia» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում և նկատել, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև նոր ավիաչվերթի գործարկումը թույլ կտա խոսել հայ-էմիրաթական հարաբերությունների նոր որակի մասին:
Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև փոխգործակցության ոլորտային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին քննարկել ներկայացվող առաջարկներն ու ծրագրերն իրականացնելու ուղղությամբ համատեղ գործնական քայլերը։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |