Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը:
Հանրապետության նախագահն արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը՝ նշելով, որ հաջողված ծրագրերը դրա լավագույն վկայությունն են: Նախագահը միևնույն ժամանակ առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` վստահություն հայտնելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում գործակցությունը:
Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի երիտասարդներին սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել այս ծրագրի շրջանակում համագործակցության, մասնավորապես, բանկի ներգրավվածության հնարավորությունները։ «Վստահ եմ՝ Եվրոպական ներդրումային բանկի համար ևս փոխգործակցության հնարավորություններ կլինեն»,-նշել է Վազիլ Հուդակը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |