Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ Երևանում կազմակերպված «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովի բացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները:
Փոխվարչապետը համաժողովի բացմանը հանդես է եկել ողջույնի խոսքով և Կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է, մասնավորապես, Հայաստանում այսպիսի համաժողովի կազմակերպումը, քանի որ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները արդիական թեմաներ են ամբողջ աշխարհում, բայց, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, թեմաներն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար:
Փոխվարչապետը կարևորել է ոչ միայն վերոնշյալ հարցերում, այլ բոլոր ոլորտներում առկա կարգավորումների անհամաչափությունների վերացումը ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից:
Փոխվարչապետը համաժողովը լավ հնարավորություն է համարել կանոնակարգերի և օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը քննարկելու, ինչպես նաև փորձագիտական կարծիքներով կիսվելու համար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ այսպիսի միջոցառումները թույլ են տալիս գտնել մեխանիզմներ, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել ԵԱՏՄ ամբողջ տարածքում:
Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն, իր հերթին, հիշեցրել է, որ Հայաստանի մայրաքաղաքն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում "Անտիկոնտրաֆակտ" ֆորումը: Կեղծված արտադրանքի խնդիրը վերաբերում է Միության յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես, եթե այն դիտարկենք տնտեսության զարգացման և տարածաշրջանային ինտեգրման պրիզմայով։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է միջազգային համագործակցությունը և ջանքերի համակարգումը անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարում, հատկապես թեթև և սննդարդյունաբերության, դեղագործության և բժշկական ապրանքների շուկաներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի ասելով, միայն 2018 - ին 2017-ի համեմատ ԵԱՏՄ երկրների շուկաներում կոնտրաֆակտի ծավալներն աճել են 54% - ով: Այդ ծավալները նվազեցնելու նպատակով նախարարը նշել է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ջանքերի համակարգումը։
Հիշեցնենք, որ համաժողովի տեղեկատվական գործընկերն է ԱրմԻնֆո գործակալությունը: Համաժողովը հանդիսանում է քննարկումների կենտրոնական հարթակ է ԵԱՏՄ շրջանակում, որտեղ նախարարությունների և գերատեսչությունների, խոշոր ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար միջազգային փորձագետներ հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: