Արմինֆո.Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել: «Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ»,-նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:
Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները: Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ: Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն: Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ:
Ի դեպ, փակցված դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ և առանց վնասելու պոկել: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |