Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է փուլ առ փուլ նվազեցնել տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող հարկային արտոնությունները։ Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ։
Նրա խոսքով, հարկային արտոնությունների գծով երկրի պետական բյուջեն արդեն պակաս է ստացել 454,7 մլրդ դրամ կամ գրեթե 950 մլն դոլար: Նախարարը նման մոտեցումը պակաս արդյունավետ է համարում: Ինչպես նշել է Ջանջուղազյանը, կառավարության կողմից նախկինում տրամադրված հարկային եւ այլ արտոնությունների արդյունքները կուսումնասիրվեն և կվերլուծվեն: <Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքանով են այդ արդյունքները գոհացուցիչ, և համադրելի են արդյոք դրանք այն արտոնությունների հետ, որոնք նախկինում տրամադրվել են պետության կողմից>,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարը։
Ֆեյսբուքի միջոցով երկրի իշխանություններին է դիմել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: <Բիզնեսին հարկային արտոնություններ մի տրամադրեք>, - իշխանություններին կոչ է արել նա: <Այս տարի սակայն մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր. պ-ն վարչապետ մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև գլորվում։ Խ.Սուքիասյանը, կամ Ս. Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլի՞նի նրանց՚ արտոնություններ չտաք։ կլի՞նի որ նման արտոնություններ սահմանվեն բոլորի համար։ Ի՞նչու եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները>,- ասել է Բագրատյանը:
Նշենք, որ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մաքսատուրքից ազատման տեսքով հարկային արտոնություն է ստացել 172,8 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումների ներմուծման գործարքների 45 ներդրումային ծրագիր: Դրանցից 7-ը արտոնություն է ստացել ԱԱՀ վճարումից ազատվելու տեսքով, որոնք նախատեսում են 67,5 մլրդ դրամի ներդրում։ Միայն ԱԱՀ-ի գծով արտոնություն է տրամադրվել ևս երեք ընկերությունների, որոնք նախատեսում են 152,1 մլրդ դրամի ներդրում։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, արտոնություն է տրամադրվել է 48 ներդրումային ծրագրերի՝ 324,9 մլրդ դրամ ներդրումային փաթեթով։