Արմինֆո. Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջակվում է նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանել օդի տուրքը:
Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի, հնարավոր է նաև բացառվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանը և առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատումների և հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գեներացվի: Առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ կայացվել է քաղաքական որոշում: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշում՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու: Արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով»,-ասել է վարչապետը:
Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: «Ունենք հաստատված 8 նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի 10-ից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - ասել է Տաթևիկ Ռևազյանը:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, խոսքը 10-ից ավելի ուղղությունների մասին է: «Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», - ասել է Նիկոլ Փաշինյանը: