Արմինֆո. "Սպայկա" ընկերությունը կրկին Ռուսաստան է ուղարկել կապույտ բորբոսով պանրի այն խմբաքանակ, որը մեկ շաբաթ առաջ սահմանապահները Հայաստան էին վերադարձրել Վերին Լարսի անցակետից:
"13.11.2019 թ. "Սպայկա" ընկերության արտադրած 20 տոննա քաշով պանրի խմբաքանակն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն։ Ուղարկվել է նույն խմբաքանակը, որն ավելի վաղ վերադարձվել էր ռուսական "Վերին Լարս" անցակետից", - ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Facebook-ում:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ mինչ պանիրը բարձելը և ուղարկելը 07.11.2019 թվականին ՊԵԿ-ի կողմից տրվել էր հանձնարարական, որով կատարվել է չափագրում պանրի գործարանում՝ պանրի արտադրության, կաթի մթերման և այլ պահանջների ուսումնասիրություն: ՙԸնկերության հայտով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի և «Արմէքսպերտիզա» ՍՊԸ ներկայացուցիչները կատարել են արտագնա ուսումնասիրություն ընկերության պանրի գործարանում՝ փորձաքննության իրականացման համար ծանոթանալու, ստուգելու պանրի արտադրման ողջ գործընթացը՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը, այդ թվում՝ Հայաստանի ֆերմերներից մթերվող կաթի, պանրի այլ բաղադրատարրերի ձեռքբերման փաստաթղթերը: Ընկերության խնդրանքով պանրի գործարանում են եղել նաև ՀՀ ՍԱՊԾ ներկայացուցիչները, որոնք ևս տեղում ծանոթացել են պանրի արտադրության գործընթացին: Ընկերությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի կողմից ստացել է ապրանքի ծագման սերտիֆիկատը (CT-1), ապրանքի ծագման փորձաքննության ակտը, որի համար տրամադրվել է մոտ 500 էջ փաստաթղթեր՚, - ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես ԱրմԻնֆո-ն ավելի վաղ հաղորդել է, «Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվել էր Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը արգելել էր հայկական պանրի մուտքը ՌԴ: Կապույտ բորբոսով պանիրը ՙՍպայկա՚ ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով լիովին համապատասխանում է եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքին։ Ձեռնարկությունը բացվել է տարեսկզբին ՀՀ վարչապետի և Հայաստանում ՌԴ դեսպանի ներկայությամբ։ Այդ արտադրությունում ընկերության ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 15 մլն եվրո։
Մաքսային գործառնություններն արագացնելու համար ընկերությունը ժամանակին մաքսավորներին է տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ անասնաբուժական սերտիֆիկատները, արտադրության տեխնիկական պայմանները և այլն: Առավել համոզչության համար՝ առ այն, որ պանիրն իրականում արտադրվել է Հայաստանում, ընկերությունը, նույնիսկ, տեսանյութ է տրամադրել ՀՀ վարչապետի և Հայաստանում ՌԴ դեսպանի ներկայությամբ կապույտ (բորբոսով) պանրի արտադրության ձեռնարկության պաշտոնական բացման մասին։ Ընկերությունը հույս ուներ, որ այդ արտադրանքի հիմնական շուկաներից մեկը կդառնա Ռուսաստանը՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի պայմաններում և հակապատժամիջոցային միջոցների առկայության դեպքում, որոնք խիստ սահմանափակում են որակյալ եվրոպական պանրի ներմուծումը Ռուսաստան:
Հայտնի է դարձել նաև, որ ԵՏՀ-ն դիմում է ստացել ՙՍպայկա՚ ընկերությունից ՝ կապված ՙՎերին Լարս՚ անցակետով հայկական պանիր արտահանելու դժվարությունների հետ: