Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները:
Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին:
Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զեկուցվել է, որ ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը: Վարչապետը կարևորել է ֆոնդի արդյունավետ գործունեությունը վերը նշված ուղղություններով և կարևորել պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը մեր երկիր:
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»: Հիմնավորման համաձայն՝ նման ֆոնդ ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |