Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Ռոսստանդարտ» տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։
Քննարկվել են երկու երկրներում որակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։
ՌԴ հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանում այս ոլորտի մարտահրավերները և խնդիրները, համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը, իրենց կողմից ներդրված հավատարմագրման կանոնակարգումն ապահովող էլեկտրոնային համակարգը՝ նշելով, որ այն նպատակ ունի լուծել շուկայում առկա համապատասխանության փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Առաջարկվել է համագործակցել՝ ձեռք բերված փորձը հայկական կողմին ներկայացնելու և միասնական էլեկտրոնային համակարգի բնականոն աշխատանքը հետագայում ապահովելու նպատակով։
Հայկական կողմը, ներկայացնելով Հայաստանում հավատարմագրման ու համապատասխանության գնահատման ոլորտներում կատարվող աշխատանքները, ողջունել է ՌԴ համապատասխան կառույցների մասնագետների հետ շարունակական համագործակցության և փորձի փոխանակման առաջարկը, որի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել առանց խոչընդոտների ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ միասնական շուկայում։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |