Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 3-ին կայացել է «Օրգանական խաղողագործություն․մարտահրավերներ և առանձնահատկություններ» թեմայով ասուլիս։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, ասուլիսի բանախոսներն էին՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը, Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը և «Էկոգլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանը։
Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը լրագրողներին ներկայացրել է Հայաստանի առաջին սերտիֆիկացված օրգանական գինիները` պատրաստված Տրինիտի Այգիների սերտիֆիկացված օրգանական խաղողներից։ Սերտիֆիկացման պաշտոնական գործընթացն ընկերությունը սկսել է 2015 թվականին, այդ ընթացքում խաղողի այգիները հասցվել են հաստատված օրգանական ստանդարտների, իսկ 2018 թվականին, Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ, Տրինիտին ավարտել է սերտիֆիկացման գործընթացը՝ «Էկո Գլոբ» ՍՊԸ-ի օրգանական սերտիֆիկացման մարմնի կողմից խաղողի այգիները հավաստագրելով որպես օրգանական՝ համաձայն ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հայաստանի ստանդարտների: 2019 թվականին «Տրինիտի 6100 Արենի սև 2018» և «Խաչմերուկ Արենի Սիրահ կարմիր 2018» գինիները հավաստագրվել են որպես սերտիֆիկացված օրգանական:
«Օրգանական գինու արտադրություն ունենալը մշտապես եղել է մեր թիմի սևեռուն գաղափարներից մեկը։ Թեև օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ և թանկ նախաձեռնություն է, Տրինիտին երբեք չի նահանջել իր գերնպատակից՝ հնարավորինս չվնասել բնությունը»,- նշել է Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս գործընթացի արդյունքում ստեղծվում են բացառիկ գինիներ, որոնք, իսկապես, արտացոլում են հայոց հողի էությունը՝ միաժամանակ պահպանելով այն հետագա սերունդների համար։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում գինեգործը նշել է, որ, ընդհանուր առմամբ, "Տրինիտի" գինեգործական ընկերության արտադրանքը կազմել է 32 հազար շիշ, որի 50-60%-ն առաքվելու է եվրոպական շուկաներ, իսկ մնացած մասն իրացվելու է Հայաստանում: Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ երկրում դիտվում է օրգանական, որակյալ գինու սպառման պահանջարկի բարձրացման միտում: Սաղաթելյանի կարծիքով, Հայաստանն այլ այլընտրանք չունի, քան օրգանական գինեգործությունը զարգացնելը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձներ օրգանական ուղղության զարգացմանը եւ իրականացներ օրգանական ուղղության աջակցությանը նպատաուղղված ծրագրեր, մասնավորապես, սուբսիդավորում: Ըստ գինեգործի՝ օրգանական գյուղատնտեսությունը կարող է դառնալ Հայաստանի բրենդը:
«Օրգանական խաղողագործությունն ամբողջ աշխարհում կարևոր նշանակություն է ձեռք բերում․ յուրաքանչյուր տարի 25%-ով ավելանում են խաղողի օրգանական այգիները։ Հիմնադրամն անչափ կարևորում է այս նախաձեռնությունը և համարում այն ոլորտի ձեռքբերում։ Մենք վստահ ենք, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ օրգանական գինիներն արտահանման նոր հնարավորություններ կընձեռեն հայկական գինեգործությանը, իսկ հայկական օրգանական գինին, ինչու չէ, կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում Զարուհի Մուրադյանը նշել է, որ ամբողջ աշխարհում նկատվում է կենսաօրգանական գինու պահանջարկ: Նա նկատել է, որ գինեգործությունը Հայաստանում այժմ իր վերածնունդն է ապրում, և հայ սպառողին դեռ ժամանակ է պետք, որպեսզի օրգանական գինին ներառվի լայնորեն սպառվող գինիների շարքում: "Շուտով մենք կունենանք ևս 4 ձեռնարկություն, որոնք մասնագիտանալու են օրգանական գինու արտադրության մեջ։ Եթե նման միտումը շարունակվի, ապա, կարծում եմ, 5 տարվա ընթացքում օրգանական գինի արտադրողները իրենց տեղը կզբաղեցնեն հայկական շուկայում", - եզրափակել է նա
«Մենք ողջունում ենք այս համարձակ նախաձեռնության կազմակերպիչներին, քանզի չափազանց կարևորում ենք օրգանական գյուղատնտեսության դերը Հայաստանում՝ որպես առողջ ագրոէկոհամակարգի և առողջ գյուղատնտեսության վերականգնման միջոց»,-նշել է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը։
Ըստ «Էկո Գլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանի, օրգանական խաղողագործությունը և գինեգործությունը գինու արդյունաբերության ոլորտում նոր մշակույթ է ձևավորում։ Օրգանական գյուղատնտեսության ստանդարտը գյուղատնտեսության արտադրության մեջ կարելի է համարել բնապահպանական ստանդարտ, որը ոչ միայն բարելավում է շրջակա միջավայրը, այլև ունենում է դրական ազդեցություն մարդկանց առողջության վրա։
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրված գինու ծավալը աճել է 44% - ով ՝ մինչև 8.6 մլն լիտր: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 1.3 մլն լիտր գինի՝ տարեկան 16.5% աճով, մաքսային արժեքի 1,5% - ով, մինչև 4.3 մլն դոլար անկման դեպքում պայմաններում:
Ավանդաբար հայկական գինու արտահանման հիմնական շուկան ՌԴ-ն է (72,3%), որին հետևում են Չինաստանը (5%), Շվեյցարիան (4%), ԱՄՆ-ն (3,4%), Լեհաստանը (2%), Ֆրանսիան (1,8%), Իտալիան (1,5%), Ուկրաինան (1,2%), Վրաստանը (1%):