Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ:
Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների և հարակից այլ հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, պետական գնումների համակարգում գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին: Վարչապետն ընդգծել է այս ուղղությամբ հետևողական աշխատանքի կարևորությունը և հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:
Կառավարության ղեկավարը կարևորել է պետական մարմինների կողմից բյուջետային կարգապահության ապահովումը և հանձնարարել նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ:
Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կազմել է 1,43 մլրդ դոլար: Այսպես՝ կնքված միջազգային համաձայնագրերի գծով իրենց հերթին են սպասում ճանապարհային շինարարության ոլորտում 466 մլն դոլարի վարկային ծրագրերը, էներգետիկան թերի է ֆինանսավորվել 422 մլն դոլարով, գյուղատնտեսությունը և ոռոգումը ՝ 153 մլն դոլարով, կրթությունը ՝ 73 մլն դոլարով, պետական հատվածի բարեփոխումներ ՝ 66 մլն դոլարով, ջրամատակարարումը ՝ 10 մլն դոլարով: Այլ ոլորտների գծով սպասման ռեժիմում են գտնվում 173 մլն դոլարի ծրագրեր:
2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախատեսված շուրջ 250 մլրդ դրամ կապիտալ ծախսերից փաստացի ցուցանիշը կազմել է ընդամենը 71.1 մլրդ դրամ (184 մլրդ դրամի դիմաց): Այսինքն՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի թերակատարումը հասնում է շուրջ 61,1% - ի։