Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Երեւանում տեղի է ունեցել <Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ>օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում>թեմայով աշխատաժողովը՝ ֆինանսական կառույցների, պետական գերատեսչությունների, փորձագետների մասնակցությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի խոսքերով, աշխատաժողովի գլխավոր նպատակը կապիտալի շուկայի և ներդրումային գործիքների ինստիտուցիոնալ և օրենսդրական խնդիրները լուծող ճանապարհային քարտեզի ձևավորումն է, որը հետագայում կփոխանցվի համապատասխան գերատեսչություններին՝ հետևողական իրականացման համար:
<Մենք ցանկանում էինք ոլորտի փորձագետներին հավաքել մեկ հարթակում, բայց ոչ թե քննարկման, այլ՝ աշխատանքի համար, որի արդյունքում կձևավորվեն խմբեր՝ բացահայտված խնդիրների առանձնահատկություններին համապատասխան>, - ասել է նա:
ԱրմԻնֆո - ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Մարգարյանը նշել է, որ կապիտալի շուկայի խնդիրները բազմազան են, մասնավորապես՝ դրանք վերաբերում են
օրենսդրական կարգավորմանը, համապատասխան միջավայրի ստեղծմանը, թափանցիկությանը և հաշվետվողականությանը և այլն: Առաջին խմբի խնդիրների մասով փոխնախարարն ընդգծել է, որ օրենսդրությունում չկան ընկերությունների համար հանրային շուկաներ դուրս գալու խթանող մեխանիզմներ, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն թափանցիկ գործունեություն ծավալելու ՝ ոչ բանկային ֆինանսավորում ներգրավելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ողջույնի խոսքում նշել է, որ վերջին մեկուկես տարում, հաշվի առնելով կառավարության քաղաքականությունը, Հայաստանում իրական նախադրյալներ են ստեղծվել արժեթղթերի շուկայի և ֆոնդային բորսայի զարգացման համար:
Անդրադառնալով ՀԲ Doing Business-ի զեկույցին, որտեղ Հայաստանը նշված է որպես թերզարգացած կապիտալի շուկա ունեցող երկիր, նախարարն ընդգծել է, որ հաջողությունը մեծ հաշվով կախված է, այդ թվում ՝ ֆոնդային բորսայում ընկերությունների ակտիվությունից, արժեթղթերով գործառնություններից: Այս առնչությամբ Խաչատրյանը նշել է, որ նախկինում մասնավոր ընկերությունների համար ստվերային մեխանիզմների միջոցով միջոցների ներգրավումն ավելի շահավետ էր, եւ համադրելի չէ այն ռեսուրսների հետ, որոնք կարելի էր ստանալ ֆոնդային բորսայի հարթակի միջոցով, ինչը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման վրա: Սակայն, ինչպես շարունակել է նախարարը, այսօր հարկային եւ մաքսային վարչարարությունը բացառում է նման զարգացման հեռանկարը։ <Չեմ բացառում, որ այսօր որոշ ընկերություններ շուկայում գործունեություն են ծավալում անհավասար մրցակցության պայմաններում։ Պետք է շեշտեմ, որ դա երկար չի տևի>, - ասել է նա։ Ողջույնի խոսքերից հետո էկոնոմիկայի նախարարին հարց է ուղղել Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի խորհրդական Տիգրան Ջրբաշյանը: Նա պատմել է, որ առաջին անգամ բախվել է կապիտալի շուկայի հետ կապված խնդիրների դեռեւս հեռավոր 1992 թվականին, որոնք դեռեւս չի հաջողվել լուծել: <Մինչեւ մենք չհասկանանք, թե ինչու չստացվեց նրանց մոտ, ովքեր կանգնած էին ակունքներում, մեզ մոտ էլ ոչինչ չի ստացվի>, - նկատել է նա:
Դրա հետ մեկտեղ Ջրբաշյանը կարեւորել է կառավարության կողմից շուկայի զարգացման համար վերջնական տեսլականի և նպատակադրումների ձևավորումը: <Այստեղ ռազմավարական պլանավորման հարց կա ։ Օրինակ՝ մենք ուզում ենք ունենալ 5 խոշոր ձեռնարկություն, մոտ 1 մլրդ դոլար ծավալով շուկա և համարենք, որ կապիտալի շուկան ձևավորված է, թե՞ ուզում ենք ունենալ 500 ընկերություն։ Մինչև չհասկանանք, թե ինչ ենք ուզում, քննարկվող միջոցառումների նկատմամբ վերաբերմունքը տարբեր կլինի>, - ասել է նա:
Ջրբաշյանը նշել է, որ քննարկումներին անցնելուց առաջ անհրաժեշտ է ունենալ վերջնական նպատակի տեսլական և լուրջ վերլուծություն կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտների վերաբերյալ, որը, ըստ նրա, չի եղել ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: <Կա՞ այդ վերլուծությունը: Եթե այո, ապա կիսվեք մեզ հետ >, - ասել է բանկիրը: Ի պատասխան հնչած դիտողությունների ՝ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ մեծ հաշվով համաձայն է լսածի հետ, սակայն այսօրվա քննարկումների անցկացումն ավելորդ չի համարում։ <Չեմ բացառում, որ վերջում մենք հանգենք այն բանին, որ մեզ առանձին քննարկում պահանջվի նպատակների համաձայնեցման համար ։ Եկեք աշխատենք, վերջում կերևա>, - ասել է Խաչատրյանը։