Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2009 11:09

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ՀԲ վարկի պայմանները եզակի են


ArmInfo. Դեռևս 2008 թվականի ավարտին երկրին նոր վարկային ռեսուրսներ տրամադրելու հարցով Հայաստանի կառավարությունը դիմել էր Համաշխարհային Բանկին: Արդյունքում, ՀԲ-ն իր օգնության ռազմավարության շրջանակներում որոշեց 2009-2012թթ. Հայաստանին տրամադրել մինչև 545 մլն.դոլարի վարկեր: Նշված վարկերից Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման ծրագրի աջակցմանը, որի զարգացումը ճգնաժամային փուլում երկրի իշխանությունները համարում էին կարևորագույններից մեկը, հատկացվեց 50 մլն.դոլար: Այս ոլորտի վարկավորման մասին պայմանագիրը ստորագրվեց 2009 թվականի փետրվարին` ՀՀ Կենտրոնական բանկի և Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի կողմից, որը հանդիսանում է ՀԲ խմբի անդամ: Կենտրոնական բանկի ղեկավարությամբ նշված ռեսուրսները 2009 թվականի կեսերից արդեն տեղաբաշխվում են` հայկական 8 առևտրային բանկերի միջոցով: Սակայն, ծրագրի իրականացման գործընթացը, և պայմաններն ամբողջությամբ վերցրած, այնքան էլ չեն բավարարում առևտրային բանկերին, քանի որ դրանք զիջում են ֆինանսավորման մյուս աղբյուրների պայմաններին: Այս և ՓՄՁ վարկավորման հետ կապված մյուս հարցերը, ԱրմԻնֆո գործակալությանը տրված հարցազրույցում մեկնաբանում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի ֆինանսական հատվածի ծրագրերի գծով գլխավոր մասնագետ Մայքլ Էդվարդսը (Michael Edvards):

Պրն.Էդվարդս, ՓՄՁ զարգացման վարկի շրջանակներում վարկի ո՞ր մասն է արդեն փոխանցվել Կենտրոնական բանկին: Մինչև տարեվերջ ի՞նչ գումարի վարկեր կարող են իրացվել:


Իրացման օրվանից մինչ օրս Համաշխարհային բանկը ՀՀ Կենտրոնական բանկում գտնվող իր հաշվին է փոխանցել 25 մլն.դոլար, որը, ծրագրի պահանջներին համապատասխան, արդեն իրացվում է 8 բանկերի կողմից: Հոկտեմբերի վերջի դրությամբ այդ միջոցներից ՓՄՁ զարգացման վարկավորմանն է հատկացվել 2.6 մլրդ.դրամ: Մենք սպասում ենք, որ մինչև 2009 թվականի ավարտը վարկավորումը էապես կմեծանա: Դա այն դեպքում, որ ի սկզբանե, ըստ մեր պլանների, ծրագրի իրականացման առաջին տարում մենք սպասում էինք իրացնել 10 մլն.դոլար, իսկ երկրորդ և երրորդ տարիներին` 20-ական միլիոն: Այս վարկի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բանկերը ձեռնարկություններին վարկային միջոցները տրամադրում են ՀՀ դրամով (կամ արտարժույթով, եթե դրանք արտահանողներ են), 5 տարի մարման ժամկետով և վարկավորման պայմանները շուկային համար բավականին մրցունակ են ու եզակի:


Ըստ որոշ բանկերի, ՀԲ վարկի պայմանները մյուս վարկային ծրագրերի համեմատ մրցունակ չեն: Նախատեսվո՞ւմ է արդյոք վարկի պայմանների վերանայում: Չե՞ք գտնում արդյոք, որ վարկը դժվարությամբ է իրացվում` դատելով իրացման ծավալներից:


2009 թվականի փետրվարին, երբ ՀԲ տնօրենների Խորհրդին ներկայացվեց հայտը, այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ իրավիճակ կլինի երկրում: Վարկային պայմանագրի ստորագրումից հետո, Հայաստանին տրամադրվեցին մի շարք վարկեր, այդ թվում, պայմանավորվածություն կար նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին ստաբիլիզացիոն վարկ տրամադրելու վերաբերյալ: Այսպիսով, ՀԲ վարկը ՓՄՁ համար հանդիսացավ համաշխարհային ճգնաժամի հետևանքները մեղմելուն ուղղված աղբյուրներից մեկը: Դրանից հետո մենք մի քանի անգամ վերանայել ենք վարկավորման պայմանները. մասնավորապես, ամռանը և սեպտեմբերի վերջերին: Մենք իջեցրել ենք վարկերի տոկոսադրույքները, թույլ ենք տվել վերցնել լրացուցիչ գրավ և պարզեցրել ենք վարկի ստացման համար պահանջվող փաստաթղթերի նկատմամբ եղած պահանջները: Դա արվեց բանկերի կողմից վարկավորման գործընթացը թեթևացնելու նպատակով: Ճգնաժամի ընթացքում Հայաստանի տնտեսությունում գրանցվել էր էական անկում, և միայն երրորդ եռամսյակում սկսվեց նկատվել որոշակի աշխուժություն: Այդ ընթացքում էապես կրճատվեցին արտասահմանյան տրանսֆերտները: Նման պայմաններում, գտնում ենք, որ վարկի իրացումը բարեհաջող էր, ընթացիկ շաբաթ մենք հանդիպել ենք բանկերի հետ և համոզվել, որ նրանք շարունակում են ակտիվորեն իրականացնել ծրագիրը:


Ինչքանո՞վ և ե՞րբ է իջեցվել տոկոսադրույքը:


Փետրվարին, երբ վարկն արժանացավ հավանության, Կենտրոնական բանկը առևտրային բանկերին 8.5% տոկոսադրույքով վարկ տրամադրեց, իսկ սեպտեմբերին այդ տոկոսն իջեցվեց մինչև 7%: Կենտրոնական բանկը բանկերին տրամադրում է 7% տոկոսադրույքով, իսկ առևտրային բանկերը նույն այդ ռեսուրսներով վարկավորում են 18 տոկոսով:


Չե՞ք գտնում արդյոք, որ ճգնաժամի պայմանների համար դա բավականին բարձր մարժա է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը խոշոր ձեռնարկություններին պետական վարկեր է տրամադրում 10-11% տոկոսադրույքով:


Ինչպես գիտեք, ՀԲ առևտրային բանկերի կողմից վարկավորման պայմաններում որևէ սահմանափակումներ չի դրել: Դա մեր աշխատանքի ոճն է յուրաքանչյուր երկրում: Մենք չենք ցանկանում խեղաթյուրումներ մտցնել շուկայական կոնյունկտուրայում: Դրա համար էլ, տոկոսադրույքների սահմանման հարցում բանկերը ազատ են և հենվում են շուկայի պայմանների և ռիսկայնության վրա: Կուզենայի ասել նաև, որ ՓՄՁ ոլորտը գնալով դառնում է ավելի մրցունակ, քանի որ այդ ոլորտում վարկավորում իրականացնել ցանկացող բանկերի թիվը գնալով աճում է իսկ տոկոսադրույքներն սկսում են նվազել:


Տոկոսադրույքն առաջին հերթին դա ռիսկի գինն է: Որոշ բանկեր վարկեր են տրամադրում բացառապես առանց գրավի, օրինակ, վարկային քարտերով վարկերը: Այդպիսի վարկավորման ժամանակ օգտագործվում են բավականին բարձր տոկոսադրույքներ, քանի որ այն իր մեջ պարունակում է բարձր ռիսկայնություն: Իսկ հիմնականում, վարկերն ապահովված են գրավով և հաճախ` անշարժ գույքով: Այստեղ դրույքները ցածր են: Սակայն կան նաև դրույքների վրա ազդող այլ գործոններ: Օրինակի համար, Հայաստանում, եթե փոխառուն վճարունակ չէ և չի կարող մարել վարկը, ապա դատական կարգով պարտքերը վերադարձնելը բավականին թանկ է և այդ գործընթացը կարող է շարունակվել տարիներ: Ցավոք, վարկավորման պայմանները ձևավորվում են նաև ելնելով այդ պրոբլեմի առկայությունից:


Դուք ասացիք, որ պարզեցրել եք վարկ ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման գործընթացը: Կարո՞ղ եք ավելի ստույգ ասել, թե ինչում է դա կայանում և հնարավոր է արդյոք հետագայում վարկավորման պայմանների մեղմացում:


Մենք միշտ էլ աշխատում ենք առաջարկել վարկավորման այնպիսի պայմաններ, որոնք բանկերին հնարավորությւն կտան օգտվելու ֆինանսավորման աղբյուրից: ՓՄՁ ոլորտի նմանատիպ ծրագրեր ՀԲ իրականացնում է շատ երկրներում և, իհարկե, մենք ֆինանսավորման պայմանները ձևավորում ենք ելնելով տվյալ երկրում տիրող իրավիճակից: Մենք միշտ էլ աշխատում ենք այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք կպարզեցնեն առևտրային բանկերի կողմից միջոցների ստացումը: Դրա համար էլ պայմանների շտկումը մեզ համար դինամիկ պրոցես է: Ինչը վերաբերում է Հայաստանում վարկավորման պայմանների հերթական փոփոխությանը, ապա անհրաժեշտության դեպքում դրանք կվերանայվեն: Ցանկացած դեպքում, մենք աշխատում ենք հասնել նրան, որպեսզի ծրագրի մասնակիցների ցանկը համալրվի:


Այդ դեպքում կարելի՞ է ենթադրել, որ ներկայիս 8 մասնակից-բանկերի ցանկը կհամալրվի, այդ թվում նաև վարկային կազմակերպություններով: Եվ ընդհանուր առմամբ, դուք ինչպե՞ս եք գնահատում առևտրային բանկերի մասնակցությունը ծրագրին:


Ցանկը համալրելու հարցով մենք արդեն դիմել ենք Կենտրոնական բանկին, որպեսզի նա խրախուսելով նոր բանկեր ընդգրկի այս ծրագրին: Մեր սպասելիքներով, մինչև 2009 թվականի ավարտը բանկերի ցանկը կնորացվի: Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, ապա ԿԲ, որն ինքն է ընտրում ծրագրի մասնակիցներին, հայտարարել էր, որ ծրագրին ցանկալի է միայն առևտրային բանկերի մասնակցությունը: Ինչքանով ինձ հայտնի է, ԿԲ դիմել է որոշ միկրոֆինանսական կազմակերպությունների, ծրագրին մասնակցելու նկատմամբ նրանց շահագրգռվածությունը պարզելու նպատակով:Ցանկացած դեպքում, եթե Կենտրոնական բանկը հավանություն տա միկրոֆինանսական կազմակերպությունների մասնակցությանը ծրագրին, ապա մենք հաճույքով կընդունենք այդ առաջարկը:


Մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին հաղորդել էր, որ ՀՀ Կառավարությունը ԱՄՀ և ՀԲ հետ բանակցություններ է վարում տրամադրված և սպասվող վարկերի վերակազմավորման ուղղությամբ, փոխառության պայմանները մեղմելու նպատակով: Ձեր կարծիքով, վերակազմավորումը հնարավո՞ր է արդյոք:


Մենք երկրների վարկային ռիսկերի միջև տարբերություններ չենք դնում, այսինքն, ՀԲ-ից բոլոր երկրներն էլ վարկեր են ստանում միանման տոկոսադրույքներով: Իրականում, ՀԲ վարկերը բավականին էժան են և շատ երկրների համար հանդիսանում են ամենաարտոնյալ փոխառու միջոցները:




Հարցազրույցը վարեցին` Արթուր Երնջակյանը և Լիլիթ Ասլանյանը