Երեքշաբթի, 22 Դեկտեմբերի 2009 17:01

IFC-ն և Ամերիաբանկը 15 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել` վերականգնվող էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորման համար


ArmInfo. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպոռացիան (IFC) IFC-ն այսօր հայտարարեց, որ վարկ է տրամադրելու Ամերիաբանկին` Հայաստանում վերականգնվող էներգետիկայի փոքր ծավալի ծրագրերը ֆինանսավորելու նպատակով` խթանելու վերականգնվող էներգետիկայի կարողությունը երկրում և նպաստելու ջերմոցային գազի արտանետումների կրճատմանը: Վարկային պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր`IFC-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքի և Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի միջև:

Ա.Հանեսյանի խոսքերով, Էներգետիկայի ոլորտի զարգացումը Ամերիաբանկի առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն ստեղծում է նոր և կայուն ներդրումային հնարավորություններ Հայաստանում, ասել է նա, ավելացնելով, որ ՙորպես Հայաստանում ամենանորարարական և հաճախորդամետ ֆինանսական հաստատություններից մեկը` մենք առավել ևս ուրախ ենք, որ Հայաստանում լինելու ենք առաջին բանկերից մեկը, որը նման բացառիկ պայմաններով ֆինանսավորում է տրամադրելու վերականգնվող էներգետիկայի արտադրողներին՚:


IFC-ի կողմից Ամերիաբանկին տրամադրվող 15 միլիոն դոլարի հիմնական վարկը բանկին թույլ կտա տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար: Վարկավորված ծրագրերի արդյունքում ակնկալվում է, որ ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն մոտավորապես տարեկան 30,000 տոննայով: Ֆինանսավորումը կօգնի նաև մեծացնել Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից:


Չնայած ֆինանսական ճգնաժամին, Ամերիաբանկը որդեգրել է աճի ռազմավարություն և մի քանի ցուցանիշներով Հայաստանի բանկերի առաջատար հնգյակում է: Բանկի համար վերականգնվող էներգետիկայի ոլորտը առաջնային է վարկային պորտֆելի աճը ապահովելու համար: Այժմ բանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմում է 100 մլն. ԱՄՆ դոլար:


IFC-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքը նշել է. ՙIFC-ի մեծ փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական առումով կայուն ծրագրերում ներդրումներ կատարելը կարող է շահութաբեր լինել ներդրողների, բանկերի և մասնավոր հատվածի ընկերությունների համար: Մենք ուրախ ենք ընդլայնելու մեր գործընկերությունն Ամերիաբանկի հետ` մեծացնելու Հայաստանի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում՚:


IFC- ն տրամադրելու է նաև խորհրդատվական ծառայություններ` օգնելու Ամերիաբանկին ծրագրերի ուսումնասիրման և գնահատման գործում` ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական, ինչպես նաև ֆինանսական կողմերը: Ավելի վաղ, այս տարի IFC-ն բանկին տրամադրել է 5 միլիոն դոլարի առևտրի ֆինանսավորման երաշխիք, որը բանկին թույլ է տվել ընդլայնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումն ամբողջ երկրում: