Երկուշաբթի, 11 Հունվարի 2010 18:41

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 13.1%, կազմելով 1.8 մլրդ.դոլար


ArmInfo.Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2009 թվականի նոյեմբերին աճել է 0.9%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին` 13.1%, դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 719.2 մլրդ.դրամ կամ 1.8 մլրդ.դոլար: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի հաշվառման վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 694.4 մլրդ.դրամ կամ 1.79 մլրդ.դոլար, աճելով նոյեմբերին 1.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին` 10.4%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 48.2% կամ 334.6 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը`51.8% կամ 359.4 մլրդ.դրամ:


ՀՀ դրամով վարկերի ընդհանուր ծավալների մեջ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 78.2% կամ 261.7 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը`21.8% կամ 72.8 մլրդ.դրամ: Իսկ երկարաժամկետ արտարժույթային վարկերի բաժինը կազմել է 78.6% կամ 282.4 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը` 21.4% կամ 77 մլրդ.դրամ :


Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 2.4% կամ 17.2 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը`1.1% կամ 8 մլրդ.դրամ:


Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը`95.6% կամ 16.4 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը:


Աղբյուրի համաձայն, 2009 թվականի նոյեմբերին դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են`18.66%-ից մինչև 18.65%, ինչը 2.16 տոկոսային կետով ցածր է հունվարյան տոկոսադրույքից: