Հինգշաբթի, 14 Հունվարի 2010 15:18

Ազգային հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորման պորտֆելը 2009 թվականին կազմել է 2.5 մլրդ.դրամ


ArmInfo. Ազգային հիփոթեքային ընկերություն՚ ունիվերսալ վարկային կազմակերպության հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը 2009 թվականին կազմել է 2.5 մլրդ.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:

Նա տեղեկացրել է, որ մինչև հունվարի ավարտն ընկերությունը պատրաստվում է վերաֆինանսավորել մոտ 400 մլն.դրամի վարկեր: Միաժամանակ նա նկատել է, որ ընկերությունը վերաֆինանսավորումն իրականացնում է նաև կառավարության կողմից ռուսական ստաբիլիզացիոն վարկից տրամադրված 12 մլրդ.դրամ միջոցների հաշվին: Նա նշել է, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է տարեկան 7.5% և այդ ցուցանիշի փոփոխություն առայժմ չի նախատեսվում: Նրա խոսքերով, ընկերությունը վերաֆինանսավորում է անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման հետ կապված վարկավորվող անշարժ գույքի գրավով և 30% կանխավճարով ապահովված հիփոթեքային վարկերը: Դրանից բացի, ընկերությունը վերաֆինանսավորում է նաև բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված այն հիփոթեքային վարկերը, որոնց կանխավճարը կազմում է անշարժ գույքի արժեքի 10%-ը, անշարժ գույքի տեսքով լրացուցիչ գրավի առկայության պայմաններում:


Ներկայումս ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ գլխավոր պայմանագրեր ունի Հայաստանի 12 առևտրային բանկերի և 2 վարկային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, դրանք են`Հայբիզնեսբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ (Հայաստան) Բանկը, HSBC Հայաստան Բանկը, Ինեկոբանկը, Կասկադ Բանկը, Byblos Bank Armenia, ինչպես նաև` Առաջին հիպոթեքային ընկերությունը և Վաշինգթոն Կապիտալը: Մ.Եդիգարյանը հայտնել է, որ օրերս նոր պայմանագիր կստորագրվի ևս մեկ բանկ հետ: