Ուրբաթ, 15 Հունվարի 2010 16:16

Արարատբանկը մտադիր է 2010 թվականին իր վարկային պորտֆելն ավելացնել մոտ 55 տոկոսով


ArmInfo. Արարատբանկը մտադիր է 2010 թվականին իր վարկային պորտֆելը հասցնել 25 մլրդ.դրամի, 2009 թվականի համեմատ ավելացնելով 54.3%-ով: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, նշել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով, ընթացիկ տարվա համար բանկը մշակել է զարգացման 3 սցենար`պահպանողական, նորմալ և ագրեսիվ: ՙՄիայն 3 ամսից պարզ կդառնա, թե այս սցենարներից որ մեկով բանկը կսկսի զարգանալ, կախված արտաքին միջավայրի, մասնավորապես, ճգնաժամի ազդեցությունից: Ցանկացած դեպքում, 2010 թվականին մենք մտադիր ենք շարունակել և ուժեղացնել 2009 թվականին բանկի կողմից ապահովված աճի միտումները՚,-ընդգծել է Ա.Օսիպյանը, ավելացնելով, որ 2010 թվականին բանկը մտադիր է միջին հաշվով ապահովել տեմպերի 40% աճ և ագրեսիվորեն զարգացնել իր մասնաճյուղերի ցանցը:


Միաժամանակ նա տեղեկացրել է, որ 2009 թվականին բանկն ապահովել է ակտիվների 39.5% աճ, հասցնելով դրանք 41.3 մլրդ.դրամի, որոնց կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմել է 39.1% (16.2մլրդ.դրամ): Ընդհանուր առմամբ, 2009 թվականին բանկի վարկային պորտֆելն աճել է 33%, իսկ իրացվելիության մակարդակը հասել է 160%-ի: Արարատբանկի ընդհանուր կապիտալը 2009 թվականին աճել է 4%, կազմելով 7.8 մլրդ.դրամ, պարտավորությունները`51.6%, կազմելով 33.5 մլրդ.դրամ: Բանկը 2009 թվականին ապահովել է 580 մլն.դրամի եկամուտ, իսկ հաճախորդների թիվը 2009 թվականին աճել է 35.5 հազարով, կազմելով 68.6 հազ.անձ: