Շաբաթ, 16 Հունվարի 2010 14:39

EBRD մտադիր է Հայաստանի 3-5 բանկերի հետ իրականացնել էներգախնայողության հետ կապված նախագիծ


ArmInfo. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) փետրվարին մտադիր է Հայաստանի բանկերի հետ ստորագրել 25 մլն.դոլարի վարկային պայմանագիր, էներգախնայողության հետ կապված նախագծի իրականացման համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):

Նա տեղեկացրել է, որ նախագիծը կիրականացվի հայկական 3-5 բանկերի միջոցով: Բանկերի օգնությամբ դրամական միջոցները կտրամադրվեն հանրապետության արդյունաբերական ձեռնարկություններին` էներգախնայողության նպատակով: Նպատակային կարող են համարվել սարքավորումների արդիականացմանը, տուրբինների ձեռքբերմանը և ծրագրերի իրականացմանն ուղղված վարկերը, որոնք թույլ են տալիս խնայել ջերմությունը և էլեկտրաէներգիան: ՙԴրանք կհանդիսանան ներդրումներ մշակումների, սարքավորումների, մոնիտորինգի և այն ամենի համար, ինչը կտանի էներգիայի խնայողության՚,-ասել է Վ.Ռազլոգը: Նախկինում նա ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել էր, որ արդյունաբերության ոլորտում ծրագրի հաջող իրականացման դեպքում, այն կիրականացվի նաև մասնավոր անձանց շրջանում: ՙԷնորգախնայող նախագծերը դրական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Այս ոլորտում մենք Հայաստանում մեծ ներուժ ենք տեսնում, քանի որ Հայաստանն իր էներգառեսուրսները չունի, իսկ համաշխարհային շուկաներում հայկական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է կրճատել թանկ էներգիայի օգտագործման ծավալները, որն ընդհանուր ծախսերի մեջ մեծ դեր է խաղում՚,-ընդգծել է զրուցակիցը: