ArmInfo. ՎՏԲ (Հայաստան) Բանկը 2010 թվականին կշարունակի իր մասնաճյուղերի ցանցի օպտիմալացման ծրագիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՎՏԲ Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության մեջ, ընթացիկ տարում նախատեսվում է մի քանի մասնաճյուղեր տեղափոխել ավելի նոր և ընդարձակ շենք, ինչպես նաև իրականացնել մյուս մասնաճյուղերի վերանորոգումն ու արդիականացումը` մանրածախ բիզնես բանկի համար ներդնելով նոր մոդելներ:
Աղբյուրի համաձայն, 2008-2009թթ. բանկն արդիականացրել է իր մասնաճյուղերից 58-ը, վերանորոգելով դրանք և համապատասխանեցնելով ՎՏԲ Խմբի ստանդարտներին: ՙՄնացած 10 մասնաճյուղերում կապիտալ վերանորոգման ամբողջական արդիականացման կարիք կա, ինչը մենք պատրաստվում ենք անել 2010 թվականին՚,-նշված է հաղորդագրության մեջ: