Երկուշաբթի, 18 Հունվարի 2010 14:42

2009թ.Ամերիաբանկը 68% մեծացրել է վարկային պորտֆելը, անցնելով 52 մլն.դրամից


ArmInfo. Ամերիաբանկի վարկային պորտֆելը 31.12.09թ. դրությամբ կազմել է ավելի քան 52 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատ 68%-ով: Սակայն վարկավորման ուղղությամբ Բանկի արդյունավետ գործունեությունը չի սահմանափակվում միայն պորտֆելի աճով: Բանկը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը` բացահայտել հաճախորդների պահանջմունքները և դրան համապատասխան առաջարկել բանկային ծառայություններ, իրականացրել է մշտական աշխատանք պոտենցիալ վարկառուների հնարավորությունների ճիշտ գնահատման և արդեն առկա վարկառուների հետ համակողմանի համագործակցության ուղղությամբ, որի արդյունքում ապահովվել է Բանկի վարկային պորտֆելի բարձր որակ. 31.12.09թ. դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.17 %-ը:

Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 89%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք տարվա ընթացքում աճել են 75%-ով և կազմել 44 մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 84 %-ը: Չնայած այն հանգամանքին, որ “Ամերիաբանկ”-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2009 թվականին աճել են 35%-ով:


ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկ՚-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: ՙԱմերիաբանկ՚-ի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկաԴիալոգ՚ խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: