Համաձայն հաղորդագրության, 2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը ևս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:
Խորհուրդը գտել է, որ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: