Երկուշաբթի, 25 Հունվարի 2010 10:27

Հայաստանում 2009 թվականին թողարկված պլաստիկ քարտերի թվով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank-ը, Արդշինինվեստբանկը և Հայէկոնոմբանկը


ArmInfo. ACBA-Credit Agricole Bank-ը առաջատարն է 2009 թվականին Հայաստանում թողարկված պլաստիկ քարտերի թվով`ArCa համակարգի շրջանակներում: Բանկն անցյալ տարի թողարկել է 43102 քարտ, ինչը կազմում է հաշվետու տարում թողարկված քարտերի ընդհանուր թվի 22.6%-ը: Ընդհանուր առմամբ, 2009 թվականին թողարկվել է ArCa, VISA և MasterCard համակարգերի 190346 պլաստիկ քարտ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Armenian Card-ից, 2009 թվականին թողարկված պլաստիկ քարտերի թվով երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`23201 քարտ կամ 12.3%, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հայէկոնոմբանկը` 21180 քարտ կամ 11.1%:


Թողարկված պլաստիկ քարտերի թվով չորրորդ տեղը զբաղեցրել է Արարատբանկը`20431 քարտ կամ 10.7%, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է Կոնվերս Բանկը`19913 քարտ կամ 10.5%:


2009 թվականին ամսական միջին հաշվով թողարկվել է 15862 քարտ (2008 թվականին`16360 քարտ), այդ թվում, յուրաքանչյուր բանկ ամսական միջին հաշվով թողարկել է 991 քարտ: Ընդ որում, մեկ ամսվա ընթացքում ամենամեծ քանակով` 5111 հատ, քարտերը թողարկել է ACBA-Credit Agricole Bank, իսկ ամենաքիչ քարտերը`Մելլաթ Բանկը`1 քարտ:


Դրա հետ մեկտեղ, 2009 թվականին ArCa համակարգի մեջ ներառվել են սպասարկման և կանխիկացման 291 կետեր (առանց բանկոմատների), որոնցում տեղադրված են 393 POS-թերմինալներ, հիմնականում`Յունիբանկի, ACBA-Credit Agricole Bank-ի, Ինեկոբանկի, Կոնվերս Բանկի, Անելիք Բանկի կողմից: Ի դեպ, 2009 թվականին ArCa համակարգում գրանցվել են 122 նոր բանկոմատներ, ինչի շնորհիվ, բանկոմատների ընդհանուր քանակը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 574 բանկոմատ: