Երեքշաբթի, 26 Հունվարի 2010 15:05

Ամերիաբանկը 2010 թվականի առաջին կիսամյակում միջազգային ծրագրերով նախատեսում է ստանալ 50 մլն.դոլար


ArmInfo. Ամերիաբանկն ընթացիկ տարում միջազգային ծրագրերի շրջանակներում նախատեսում է ստանալ 50 մլն.դոլար, որից 25 մլն.դոլարը առաջին և 25 մլն.դոլարը`երկրորդ եռամսյակում, որոնք կգնան բանկի կողմից սեփական ռեսուրսների հաշվին արդեն տրամադրված միջոցների վերաֆինանսավորմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ և Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսքը գնում է, IFC երկու` առևտրի և էներգետիկ ծրագրերի ֆինանսավորման մասին:

Նա հիշեցրել է, որ նշված ծրագրերով պայմանագրերն IFC հետ ստորագրվել են 2009 թվականին`առաջինը հուլիսին (5 մլն.դոլար), իսկ երկրորդը դեկտեմբերին (15 մլն.դոլար), երրորդը դեկտեմբերի վերջին (30 մլն.դոլար):


Ա.Հանեսյանը նշել է, որ նշված ծրագրերի շրջանակներում Ամերիաբանկի կողմից արդեն հաստատվել է էներգետիկայի` 6 մլն.դոլար և ՓՄՁ`10 մլն.դոլար, ֆինանսավորման պորտֆելները: Նա նաև ավելացրել է, որ միջազգային կառույցների հետ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:


Ամերիաբանկի տվյալներով, 2009 թվականին բանկի ակտիվներն ավելացել են ավելի քան 2 անգամ, կազմելով 103.5 մլրդ.դրամ: Դրանց կազմում վարկային ներդրւմների ծավալները 01.01.2010թ.դրությամբ կազմել են 52.3% կամ 54.1 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 21.7 մլրդ.դրամ, ունենալով 6.7% տարեկան աճ: Դրանց կազմում ավելի քան 83% կամ 18.2 մլրդ.դրամ կազմել է կանոնդարական կապիտալի բաժինը: Բանկի կուտակված շահույթը 01.01.2010թ. դրությամբ կազմել է 3.622 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 81.8 մլրդ.դրամ, աճելով տարվա կտրվածքով 2.8 անգամ: Ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 55.7% կամ 45.6 մլրդ.դրամ, ունենալով տարեկան քառակի աճ: