Ուրբաթ, 29 Հունվարի 2010 11:04

Արմսվիսբանկը 2010 թվականին նախատեսում է ապահովել 1-2 մլն.դոլարի ֆակտորինգային պորտֆել և ավելացնել վարկային պորտֆելը 45 տոկոսով


ArmInfo. Արմսվիսբանկը 2010 թվականին նախատեսում է ապահովել 1-2 մլն.դոլարի ֆակտորինգային պորտֆել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, 2009 թվականի ավարտին բանկի ֆակտորինգային պորտֆելը կազմել է 900 մլն.դրամ: Նրա խոսքերով, բանկը ֆակտորինգային գործարքներ է իրականացնում արդեն 2 տարի, հիմնականում ներքին շուկայում և մտադիր է 2010 թվականին ակտիվացնել իր գործունեությունը նաև արտահանման (արտաքին) և ներմուծման (ներքին) ֆակտորինգի ոլորտներում: ՙԱյս պրոդուկտի նկատմամբ պահանջարկն այնքան էլ մեծ չէ, ելնելով նրանից, որ սա շուկայի համար դեռևս նորություն է, սակայն համապատասխան պահանջարկի դեպքում մենք պատրաստ ենք մատուցել համապատասխան ծառայությունները, և հանդիսանում ենք Միջազգային ֆակտորինգային ասոցիացիայի անդամ, որի անդամ են 65 երկրներ՚,-ընդգծել է Գ.Մաչանյանը:

Նա տեղեկացրել է, որ անցյալ տարի բանկը իրականացրել է արտաքին ֆակտորինգի միայն մեկ գործարք: ՙՄեր ֆակտորինգային գործիքները յուրահատուկ են` արտաքին ֆակտորինգի դեպքում բանկի հաճախորդի ռիսկը գնահատում և իր վրա է վերցնում մեր արտասահմանյան գործընկերը և, սակայն, քանի որ օտարերկրյա ընկերությունները կարողեն լինել ոչ բավականաչափ վճարունակ, մեր հաճախորդները հրաժարվում են ֆակտորինգային պայմանագրեր կնքելուց՚,-նկատել է նա: Դրա հետ միկտեղ Գ.Մաչանյանը նշել է, որ յուրաքանչյուր հաճախորդի հետ գարծարքի պայմաններն առանձնահատուկ են, կապված ընկերության պատմության, ռիսկերի, գործարքների գումարի հետ:


Միաժամանակ նա գտնում է, որ Եվրոբանկի հետ համագործակցությունը Արմսվիսբանկին թույլ կտա ավելի ակտիվանալ ֆակտորինգային շուկայում, ավելացնելով ծավալները:


Գ Մաչանյանը տեղեկացրել է նաև, որ բանկը նախատեսում է մինչև 2010 թվականի ավարտը 45%-ով ավելացնել վարկային ընդհանուր պորտֆելը, հասցնելով այն 14 մլրդ.դրամի: