Շաբաթ, 30 Հունվարի 2010 14:55

Հայակական ընկերությունները պատրաստ չեմ ոչ հրապարայնության, ոչ էլ IPO


ArmInfo. Դժվարին տարի լինելով աշխարհի գրեթե բոլոր երկրների բիզնեսների համար, 2009 թվականն, այնուամենայնիվ, բավականին հաջող էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի համար. բորսայի որոշ հարթակներում նույնիսկ աճ է գրանցվել 2008 թվականի համեմատ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Nasdaq OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: ՙIPO ողջ գործընթացը բաժանվում է 2 փուլի`բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում և երկրորդային շուկայում դրանց շրջանառություն: Դրա հետ մեկտեղ, որպես կանոն, IPO անտեսվում է արժեթղթերի հայկական շուկայի բոլոր մասնակիցների կողմից՚,-ասել է նա:

Նրա խոսքերով, կորպորատիվ պարտատոմսերի գծով, որոնք ըստ շուկայի ցուցանիշների առաջատար ֆինանսական գործիք են հանդիսացել տարվա ընթացքում, գրանցվել է առևտրի ծավալների մոտ 4.7 անգամ ավելացում` մինչև 10.55 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը` նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով, կազմել է 719: Բորսայական շուկայում առևտրի առավելագույն ծավալներ են գրանցվել ՙԷլիտ Գրուպ՚ ՓԲԸ-ի (ELTGB2), ՙՇեն Կոնցեռն՚ ՓԲԸ-ի (SHNCB4) և ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ի (HSBCB1) կորպորատիվ պարտատոմսերով: 2009 թվականին բորսայում ցուցակվել է կորպորատիվ պարտատոմսերի չորս նոր թողարկում:


Նրա կարծիքով, բավականին ակտիվ է եղել նաև պետական պարտատոմսերով առևտուրը` կնքվել է թվով 191 գործարք` 2.4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշների ավելացում է, համապատասխանաբար, 135%-ով և 43%-ով: ՌԵՊՈ գործիքներով առևտրի տարեկան ծավալը գերազանցել է 5 մլրդ ՀՀ դրամը (հարթակը գործարկվել է 2008թ.-ի դեկտեմբերին): Տարվա ընթացքում արտարժույթի հարթակում կնքված գործարքների ընդհանուր ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 372.93 մլրդ ՀՀ դրամ, ինչև 10%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2009թ.-ին այս հարթակում գործարքներ են կնքվել միայն ԱՄՆ դոլարով. Եվրոյով գործարք չի կնքվել: Հարկ է նշել, սակայն, որ արտարժույթով արտահայտված առևտրի ծավալը կազմել է 1,079 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2.4%-ով պակաս է 2008թ.-ի ծավալից: Ինչպես և նախորդ տարիներին, բաժնետոմսերի բորսայական հարթակն առավել պակաս ակտիվ հարթակն է եղել: Բորսայում բաժնետոմսերով առևտրի ընդհանուր գումարը կազմել է 98 մլն ՀՀ դրամ, 2008թ.-ի համապատասխան ցուցանիշի համեմատությամբ կրճատվելով 63%-ով: Այս հարթակում առավել ակտիվ են շրջանառել ՙԱլմաստ՚ ԲԲԸ-ի (ALMS), ՙԶարգացման հայկական բանկ՚ ԲԲԸ-ի (ZHBK) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (ARBK) բաժնետոմսերը: 2009 թվականի տարեվերջին շուկայի կապիտալիզացիան կազմել է 53.1 մլրդ ՀՀ դրամ, 2008թ.-ի տարեվերջի համեմատ նվազելով 1.7%-ով, ինչը համեմատաբար դրական զարգացում է, հաշվի առնելով գլոբալ ֆինանսական ճգնաժամի շարունակվող ազդեցությունը: 2009թ.-ը նշանավորվեց նաև Հայաստանում իրականացված բաժնետոմսերի առաջին առաջնային տեղաբաշխմամբ (IPO). այն իրականացվեց ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի կողմից, որի բաժնետոմսերն այժմ ցուցակված և շրջանառում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում AHEK բորսայական հապավմամբ:


2009 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ևս շարունակել է ծառայություններ մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին: Տարեվերջի դրությամբ ՀԿԴ-ի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 156,430, որոնցից 2,540-ը` 2009թ.-ի ընթացքում բացված նոր հաշիվներ են: 370-ով ավելացել է նաև ՀԿԴ-ի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը, տարեվերջին կազմելով 1,527: