Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2010 14:27

Կասկադ Բանկի՚ գլխավոր տնօրենը կանխատեսում է Հայաստանում տոկոսադրույքների հետագա նվազում


ArmInfo.
ՙ2010 թվականին մենք ականատես կլինենք տոկոսադրույքների հետագա նվազման Հայաստանում՚, - ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԿասկադ Բանկի՚ գլխավոր տնօրեն Ահարոն Լևոնյանը: Նրա ասելով, տոկոսադրույքների նվազումն առավելապես պայմանավորված կլինի շուկայում իրացվելիության մեծ ծավալի առկայությամբ: Ընդ որում նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ շուկայից բանկի կողմից ներգրավվող դոլարային և դրամային տոկոսադրույքների միջև կա մեծ տարբերություն: Այսպես, եթե դրամային ավանդները բանկը ներգրավում է մինչև 10,5 տոկոս տոկոսադրույքով, ապա դոլարային ավանդները` մինչև 7 տոկոս տոկոսադրույքով: Մինչդեռ ՙԿասկադ Բանկի՚ դոլարային բիզնես-վարկերը տրամադրվում են 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ դրամայինները` սկսած 13 տոկոսից:


Բանկիրի կարծիքով, ընթացիկ տարում երկրի բանկային համակարգի առջև բացվում են զգալի հեռանկարներ: ՙՀՆԱ նկատմամբ բանկային ակտիվների և ավանդների հարաբերակցությամբ Հայաստանը չափազանաց հետ է մնում զարգացած երկրներից, քանի որ բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչ օրս բանկային ծառայություններից չեն օգտվում (non-banked population): Ընդ որում բանկային համակարգում արդեն սահմանվել է հաճախորդների ՙշեմ՚ յուրաքանչյուր բանկի համար՚, - ընդգծել է նա:


Ա.Լևոնյանը կարծում է, որ 2010 թվականին, ընդհանուր առմամբ, տնտեսական անկումը Հայաստանում կդանդաղի: ՙՄենք տեսնում ենք աննշան տնտեսական աճի նախադրյաալներ, և, ինչպես ինձ թվում է, ընթացիկ տարին կլինի կայուն, կորոշվեն հետագա մարտավարական քայլերը՚, - ընդգծել է նա:


Հիշեցնենք, որ ՙԿասկադ Բանկի՚ բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթը պատկանում է ՙԿասկադ Կապիտալ Հոլդինգսին՚: