ArmInfo.
Այսօր Հայաստանի կապիտալի շուկայի դինամիկ զարգացումն արգելակող գլխավոր խնդիրը երկար դրամական ռեսուրսների բացակայությունն է, որոնց ներհոսքը տնտեսություն կարող են ապահովել միայն ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային և ներդրումային հիմնադրամները: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԿապիտալ Ասեթ Մենեջմենթ՚ ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը: Ըստ որում, փորձագետը նշել է, որ ապահովագրական ապրանքը համեմատաբար ճանաչելի է հասարակայնության շրջանում, իսկ դրա որակը, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական իրողությունները, բավական լավ է: ՙԱվտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՔՊՊԱ/ ներդրումն էլ ավելի կակտիվացնի ապահովագրական հատվածը`ապահովելով ՙերկար փողերի՚ ներհոսքը տնտեսություն:
Այդպիսով, փորձագետի կարծիքով, ԱՔՊՊԱ ներդրումը և կենսաթոշակային բարեփոխումն ըստ էության կապահովի կենսականորեն անհրաժեշտ երկարաժամկետ դրամական ռեսուրսների ներհոսքը, ինչից հետո, ինչպես հավաստիացրել է գլխավոր տնօրենը, արդեն 2013-2014 թթ. սկսած`Հայաստանի կապիտալի շուկան, նոր ֆինանսական գործիքների ի հայտ գալուն զուգահեռ, սկսի գործել:
Խոսելով ընթացիկ տարում շուկայում նոր թողարկողների ի հայտ գալու հնարավորության մասին`գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում հրապարակային տեղաբաշխումներ պետք չէ սպասել`չբացառելով փակ տեղաբաշխմամբ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման հնարավորությունը, որոնք նախատեսված են գնորդների որոշակի`նեղ շրջանակի համար: