Երեքշաբթի, 16 Փետրվարի 2010 12:05
Թողարկվել է ՙԳալանտուս Արտյուշենկոյի՚ արծաթե հուշադրամը
ArmInfo.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: ՙԳալանտուս Արտյուշենկոյի՚ (Ձնծաղիկ) հուշադրամը թողարկվել է ՙԾաղիկների գեղեցկությունը՚ միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է ՙԳալանտուս Արտյուշենկոյի՚ ծաղիկը, իսկ աջում` տերևը, որի պատկերն անցնում է և շարունակվում դարձերեսին: Ծաղկի և տերևի միջև դաշտում ոճավորված պատկերներ են: Տերևի պատկերից աջ եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` ՙ2010՚: Դաշտի ներքևում երկու տողով նշված է հուշա¬դրամի անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ1000՚ և ՙԴՐԱՄ՚: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚: Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են ՙԳալանտուս Արտյուշենկոյի՚ ցողունները և ծաղիկները: Պատկերներից աջ ներքևում մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և հարգի պայմանական գրառումը` ՙAg 925՚: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` ՙԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ՚ և ՙGalanthus artjuschenkoae՚:Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է ՙՄայեր՚ դրամահատարանում (Գերմանիա): Հուշադրամի բնութագիրը.