Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2010 11:05
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով և սահմանվել 6.0 տոկոս
ArmInfo.2010 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2010 թ. հունվարին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7.0%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.5 տոկոսային կետով:
Հանքահումքային ու հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճը, ինչպես նաև ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ պայմանավորված ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը նպաստում են առկա գնաճային միջավայրի պահպանմանը: Թեև կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը գերազանցելու է նպատակային թիրախը, նախորդ տարվա գնաճային զարգացումներով պայմանավորված, 2010 թ. առաջին եռամսյակում իր բարձրակետին հասնելուց հետո այն հետագայում որոշակիորեն նվազելու է:
Գնաճի վերոնշյալ միտումների ներքո դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացմամբ ԿԲ խորհուրդը նպատակ ունի աստիճանաբար նվազեցնել կանխատեսվող հորիզոնում գնաճի շեղումները նպատակային թիրախից: