Հինգշաբթի, 18 Փետրվարի 2010 13:56
Որոշվել են առաջատար չորս բանկերը ըստ Հայաստանի բանկային համակարգում զբաղեցրած դիրքի
ArmInfo. ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՚, ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚, ՙԱրդշինինվեստբանկը՚ և ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ 2009 թվականի արդյունքներով առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի բանկային համակարգում:
ԱրմԻնֆո ԼԳ ֆինանսական տեղեկատվության ծառայության կողմից ՙՀայաստանի առևտրային բանկերի վերլուծություն և ռենքինգ՚ եռամսյակային տեղեկատուի համար անցկացված վերլուծության համաձայն, բանկերից յուրաքանչյուրի դիրքը որոշվել է սեփական մեթոդիկայով` հաշվի առնելով ընդհանուր կապիտալի, ակտիվների, ընդհանուր վարկային ներդրումների, տնտեսությունում կատարված ներդրումների, պետական արժեթղթերում կատարված ներդրումների, ընդհանուր պարտավորությունների, ներգրավված միջոցների, չբաշխված շահույթի ցուցանիշները: Ի տարբերություն նախորդ վերլուծության, ՙդիրքային՚ ցուցանիշը հաշվի է առել լորո- և նոստրո-հաշիվները, ֆիզիկական անձանց վարկերը, ցպահանջ պարտավորությունները, ժամկետային ավանդները, միջբանկային ավանդներն ու վարկերը: ԱրմԻնֆոյի վերլուծաբանները նշում են, որ վերը նշված ցուցանիշների ընդհանուր վերլուծությամբ առաջատար դարձած չորդ բանկերն առաջատար են նաև ըստ ակտիվների չափի: Այսպես, ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚ ընդհանուր ակտիվները կազմել են 162,7 մլրդ դրամ, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ բանկինը` 135,8 մլրդ դրամ, ՙՎՏԲ-Հայաստան Բանկինը՚` 120,7 մլրդ դրամ և ՙԱրդշինինվեստբանկինը՚` 119,4 մլրդ դրամ: Ըստ զբաղեցրած դիրքի այս չորս բանկերին փոքր-ինչ զիջում են ՙՅունիբանկը՚` 108,6 մլրդ դրամ ակտիվներով, և ՙԱմերիաբանկը՚` 103,5 մլրդ դրամ ակտիվներով:
ԱրմԻնֆոյի վերլուծաբանները նշում են, որ IFRS միջազգային ստանդարտներին անցնելուց հետո Հայաստանի առևտրային բանկերը զրկվել են հրապարակվող հաշվետվությունների որոշակի ստանդարտից և դրա հավելվածներից, ինչի առչությամբ բանկերն իրենց տվյալները հրապարակում են ըստ սեփական հայեցողության: Դա լուրջ դժվարություններ է ստեղծում առանձին բանկերի և, ամբողջությամբ վերցրած, բանկային համակարգի իրական ֆինանսական վիճակի գնահատման գործում: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում նման ՙտարընթերցվածքները՚ հակասում են հռչակված տեղեկատվական թափանցիկության և Հայաստանի բանկային համակարգի թափանցիկության քաղաքականությանը: