Ուրբաթ, 26 Փետրվարի 2010 18:03
Ամերիաբանկը $80 մլն-ի ներդրումային համաձայնագրեր է կնքել ինստիտուցիոնալ կառույցների հետ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկն ընդհանուր առմամբ $80 մլն-ի ներդրումային համաձայնագրեր է կնքել խոշոր ինստիտուցիոնալ կառույցների հետ: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պարզաբանել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, մինչև առաջին կիսամյակի վերջն Ամերիաբանկը նախատեսում է ընդհանուր առմամբ $30 մլն ներգրավման շուրջ երեք պայմանագիր ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ:
Նրա խոսքով, EBRD-ի հետ բոլոր երեք պայմանագրերը`խոշոր բիզնեսի ֆինանսավորման, ՓՄԲ վարկավորման, առևտրային ֆինանսավորման, նախատեսում են յուրաքանչյուրը $10 մլն և կստորագրվեն առաջին կիսամյակում: Ըստ որում, խոշոր բիզնեսի ֆինանսավորման շուրջ պայմանագիրը կստորագրվեն մարտի սկզբին: Նա նշել է, որ խոշոր բիզնեսի ֆինանսավորումը Ամերիաբանկի գործունեության գերակա ուղղությունն է, որի գծով բանկն այսօր առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում:
Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Տ. Ջրբաշյանը, ընթացիկ տարում բանկը հաջողությամբ ավարտել է ֆինանսական երկու խոշոր ինստիտուտների`նիդերլանդական FMO կազմակերպության և DEG գերմանական խոշոր կառույցի հետ բանակցությունները: Երկու համաձայնագրերի շրջանակներում ֆինանսավորման ծավալը կկազմի $30 մլն, որից $10 մլն-ն կուղղորդվի վերականգնողական էներգետիկայի ոլորտի վարկավորմանը, որտեղ վարկային պորտֆելի ծավալով, Տ. Ջրբաշյանի խոսքով, Ամերիաբանկը բացարձակ առաջատար է: Մնացած $20 մլն-ն կուղղորդվի ՓՄԲ ֆինանսավորմանը: Սակայն, հաշվի առնելով հայաստանյան տնտեսական իրողությունները և վարկավորման պարամետրերը`բանկն առավել կողմնակից է հիշյալ ծրագրի շրջանակներում իրականացնելու միջին բիզնեսի ֆինանսավորում: Ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման նպատակով`բանկն ընթացիկ տարում կշարունակի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել միջազգային խոշոր ինստիտուտներից:
Հայաստանի բանկային համակարգի`ԱրմԻնֆո-ի կողմից կատարված վերլուծության և ռենքինգների համաձայն, Ամերիաբանկը 2009 թվականին ավելացրել է վարկային պորտֆելը երկու անգամ`մինչև 67.8 մլրդ դրամ (4-րդ դիրք): Վերջինիս կառուցվածքում արդյունաբերական հատվածի վարկավորմանը բաժին է ընկել գրեթե 25% (4-րդ դիրք/: 2009 թվականն Ամերիաբակն ավարտել է 1.5 մլրդ դրամ շահույթով`այդ ցուցանիշով զբաղեցնելով 4-րդ դիրքը բանկային համակարգում: