Երեքշաբթի, 2 Մարտի 2010 10:46
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդլայնում է հրապարակվող բորսայական առևտրի տվյալների կազմը
ԱրմԻնֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդլայնել է www.nasdaqomx.am պաշտոնական իր կայքէջի միջոցով բացահայտվող բորսայական առևտրի տվյալների կազմն ու կառուցվածքը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալուըթյանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից, այդ քայլը հնարավոր է դարձել բորսայի ՏՏ մասնագետների կողմից համակարգչային նոր ծրագրի մշակման և ներդրման շնորհիվ, որի արդյունքում ապահովվել է բորսայի առևտրային համակարգի և կայքէջի կառավարման ծրագրի միջև տվյալների դինամիկ փոխանակումը:
Այսպես, ստանդարտ ժամանակահատվածների (օրական, ամսական, եռամսյակային և տարեկան) համար հաշվետվությունների ստացման հնարավորությանը ավելացվել է նաև կամայական ժամանակաշրջանի համար բորսայական առևտրի ամփոփ տվյալների ստացման հնարավորությունը: Բացի այդ, քանի որ կայքէջի ՙԱռևտրի տվյալներ՚ բաժինը թարմացվում է 30 րոպեն մեկ` սկսած ժամը 11:00-ին առևտրային նստաշրջանի բացման պահից, կայքի այցելուները կարող են տեղեկացված լինել բորսայական շուկայի վերջին զարգացումների, այդ թվում բոլոր գործիքներով իրականացված առևտրի ծավալների և դրանց գների մասին: Տեղեկատվության ներկայացման կառուցվածքը ևս բարելավվել է, ստանալով օգտագործողի համար ավելի հարմար և մանրամասն տեսք. այսպես, ռեպո գործիքներով առևտրին վերաբերող տեղեկատվությունն այժմ ներառում է թե՜ ուղղակի, թե՜ հետադարձ գործարքների գների մասին տեղեկություններ:
Բացի այդ, բորսայական առևտրի տվյալներն այժմ հնարավոր կլինի բեռնել *.csv ֆորմատով (comma separated values` ստորակետով տարանջատված արժեքներ), որը հանդիսանում է տվյալների ներկայացման համար միջազգային փորձում ընդունված ֆորմատ: Այն, առաջին հերթին, հարմար է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալների հավաքագրմամբ, վերլուծությամբ և հաշվետվությունների պատրաստմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հույս է հայտնում, որ տեղեկատվության բացահայտման համակարգի նշված կատարելագործումը կնպաստի շուկայի մասնակիցների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների, ինչպես նաև հանրության լայն շրջանների կողմից Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող տեղեկատվության առավել արդյունավետ և դյուրին կերպով օգտագործմանը և կշարունակի այս բնագավառում իր աշխատանքները: