Ուրբաթ, 5 Մարտի 2010 10:42
Ամերիաբանկը և ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կուղղորդեն միջին ձեռնարկությունների համաֆինանսավորմանը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են պայմանագիր ՙՀամատեղ ֆինանսավորման գիծ` միջին չափերի ձեռնարկությունների համար՚ վարկային ծրագրի համատեղ իրագործման շուրջ, որի շրջանակներում կողմերից յուրաքանչյուրը սեփական միջոցներից կհատկացնի 10-ական մլն դոլար: Այսօր Երևանում պայմանագիրն ստորագրել են (ՎԶԵԲ) Միջին Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Մայք Թեյլորը և Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ինչպես պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում հաղորդել է Ա.Հանեսյանը, ծրագրի շրջանակում միջոցները կուղղորդվեն միջին չափի վարկերի ֆինանսավորմանը, որոնք Ամերիբանկը տրամադրում է տեղական ձեռնարակություններին: ՙՎԶԵԲ հետ համագործաակցությունը մեզ համար բացում է վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հեռանկարներ, ինչպես նաև զգալիորիեն նպաստում է միջին բիզնեսի զարգացմանը, որը Հայաստանի տնտեսության հիմքն է՚, - ընդգծել է նա: Նրա ասելով, այդ վարկի շրջանակներում տրամադրվելիք վարկի միջին չափը կկազմի 1-2 մլն դոլար, որոնց տրամադրումը կիրականացվի ԱՄՆ դոլարով: Արժութային ռիսկերը կողմերը կկիսեն:
Մ.Թեյրլորն իր հերթին նշել է, որ Ամերիաբանկը 13-րդն է, որի հետ ՎԶԵԲ-ը համագործակցում է Հայաստանում: Նրա ասելով, վերը նշված նախծագծի միջոցով ՎԶԵԲ-ը հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը` առավել մատչելի դարաձնելով տեղական ձեռնարկությունների համար այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը: Մ.Թեյլորի հավաստմամբ, այսօր ստորագրված փաստաթուղթը Եվրաբանկի կորպորատիվ ռազմավարության մի մասն է, որի շրջանակներում նախատեսվում է աշխատել Հայաստանի լավագույն բանկերի հետ:
ՎԶԵԲ տվյալներով, նշված վարկը Multi-Bank Framework Facility II ծրագրի բաղադրիչն է Հայաստանում, որը նպատակաուղղված է երկրում ֆինանսական միջնորդության զարգացմանը տեղական բանկերի համար միջին ժամկետի վարկային գծեր բացելու ճանապարհով` հետագա առևտրային վարկավորման համար: Ծրագիրը գործարկվել է
2006 թվականին, ինչի արդյունքում 12 հայկական բանկերի հատկացվել է ավելի քան 118 մլն դոլար: