Երեքշաբթի, 16 Մարտի 2010 17:05
ՀՀ ԿԲ դեդոլարիզացիայի նպատակով խստացրել է ներգրավվող արժութային միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը, որն ուժի մեջ կմտնի 2010 թ. ապրիլի 14-ից
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը դեդոլարիզացիայի նպատակով խստացրել է ներգրավվող արժութային միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը, որն ուժի մեջ կմտնի 2010 թվականի ապրիլի 14-ից: Մասնավորապես, բանկերում տեղաբաշխվող արժութային միջոցների պարտադիր պահուստավորման գործող նորմատիվը, որը կազմում էր ներգրավված միջոցների 12%-ը, ապրիլի 14-ից մասնակիորեն`3%-ով կապահովվի ՀՀ դրամով և 9%`արտարժույթով: Հիշեցնենք, որ բանկերում տեղաբաշխվող դրամային միջոցների պարտադիր պահուստավորման գործող նորմատիվը, որը կազմում էր 8%, մնացել է անփոփոխ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՀՀ ԿԲ-ից, նշված փոփոխություններն ու լրացումները, որոնք կատարվել են ՙԲանկերի գործունեության կարգավորման և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին՚ թիվ 2 Կարգում, կատարվել են այսօր, ԿԲ Խորհրդի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում: Նույն նիստում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել նաև ՀՀ ԿԲ կողմից իրականացվող պարբերական հրապարակումների կարգի և պայմանների մեջ, ինչպես նաև ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի Կենտրոնի կանոնդրության մեջ:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր ՀՀ ԿԲ ֆինանսական քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության ղեկավար Վահե Վարդանյանը, ապրիլի 26-ից նախատեսվում է արժույթի կառավարման նորմատիվի վերականգնում: Այնուհետև տեղի կունենա կապիտալի համարժեքության նորմատիվի խստացումը: Ներկայումս գործող`100% ռիսկային վարկերով հնարավոր կորուստները ծածկելու համար նախատեսված` կապիտալի պահուստավորման 12% նորմատիվը նախատեսվում է բարձրացնել մինչև 18%: Մյուս ակտիվների հետ կապված ուղղակի փոփոխությունը, ավելացրել է նա, վերաբերում է հնարավոր կորուստների պահուստի նկատմամբ պահանջներին, մասնավորապես, ԿԲ Մինֆինի հետ համատեղ փոխում են ակտիվների դասակարգման նորմատիվը, ինչն ավելի շատ ժամանակ կպահանջի: ՙՀուսով ենք, որ արժութային և դրամային վարկերի հարաբերակցությունը կկազմի 50%-ը 50%-ի, իսկ ավանդների գծվ`70%-ը 30%-ի: Մասնավորապես, արժութային ավանդների բաժինը կկրճատվի մինչև 65%, իսկ դրամային ավանդների բաժինը կաճի մինչև 35%: ԿԲ հուսով է, որ առնվազն 2 տոկոսային կետով կիջնեն արժութային ավանդների տոկոսադրույթները, քանի որ բանկերը կձգտեն դրան, ելնելով իրենց ծախսերից՚,-ասել է Վ.Վարդանյանը:
ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավար Արթուր Ստեփանյանը չի բացառել դրամային ավանդների տոկոսադրույքների որոշակի բարձրացումը և արժութային վարկերի տոկոսադրույքների իջեցումը: