Հինգշաբթի, 18 Մարտի 2010 18:34
Կենտրոնական բանկի լուրջ միջամտությունը հանդարտեցրեց արժույթի շուկան
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի լուրջ միջամտությունը հանդարտեցրեց արժույթի շուկան, փոխարժեքը երեկվա 408 դրամից իջեցնելով մինչև 405 դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը մեկնաբանել են արժույթի շուկայի մասնակիցները, դա լիովին բացառեց աճող սպեկուլյատիվ գործընթացների հնարավորությունը և դոլարի առքուվաճառքը նորից վերադարձավ իր նորմալ հունի մեջ: Այսօր բորսա է ՙնետվել՚ 20.8 մլն.դոլար`405 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, ինչը, դատելով ծավալներից, ավելի շուտ Կենտրոնական բանկի ՙձեռքի գործն է՚: Սակարկությունների ավարտից հետո, տվյալ պահին, դոլարի առքուվաճառքի գները կազմում են 403/406 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Շուկայի մասնակիցների կարծիքով դոլարային զանգվածի ներարկումը բանկերին հնարավորություն տվեց բավարարել հաճախորդների արտարժույթ գնելու հայտերը, այն ժամանակ, երբ երեկ նրանք զրկված էին այդ հնարավորությունից` դոլարի կտրուկ թռիչքի հետևանքով: Արդյունքում, շուկան հանդարտվեց, իսկ երեկ բնակչության մոտ ձևավորված դոլարի բարձր պահանջարկը հաջողվեց բավարարել: Արտարժոըւյթի մանրածախ դիլերները սպասումների մեջ են, որ վաղն էլ բորսայում ՙկերևան՚ դոլարներ, սակայն ավելի քիչ ծավալներով քան այսօր, սակայն այդ զանգվածն անգամ արժույթի շուկան կպահի նորմալ վիճակում:
Հիշեցնենք, որ նախօրեին, մարտի 17-ին, Հայաստանում դոլարի փոխարժեքը թռիչքով հաղթահարեց 400 դրամի սահմանը, երեկոյան կազմելով 408 դրամ, մեկ օրվա ընթացքում աճելով 12-13 կետով: Արժույթի շուկան այդ օրը իրացվելի չէր և բանկերը հաճախորդների պահանջով արժույթի նկատմամբ բարձր պահանջարկ ներկայացրեցին:
Չնայած պահանջարկին, արժույթի միջբանկային շուկան պասիվ էր, ապահովելով ոչ մեծ`300 հազ.դոլարի ծավալ: Բորսայում Կենտրոնական բանկի համեստ մասնակցությունը չկանգնեցրեց դեպի վեր ընթացող տրենդը, ինչի արդյունքում շարունակվում էր դոլարի աճը: Մինչև բորսայի ավարտը արժույթի մանրածախ շուկայում փոխանակման գները կազմում էին 404/408 դրամ/դոլար, իսկ սակարկությունների ավարտից հետո բարձրացան մինչև 406/410 դրամ 1 դոլարի դիմաց: Բնակչության շրջանում պանիկա չի արձանագրվել, սակայն, մանրածախ արժութային դիլերների կարծիքով, դոլարի նկատմամբ բարձր պահանջարկը կպահպանվեր, եթե չլիներ ԿԲ այսօրվա միջամտությունը:
Նշենք, որ փոխարժեքի աստիճանական աճը դիտվում էր դեռևս անցյալ շաբաթվանից: Այսպես, եթե մարտի 9-ին դոլարի փոխամակման գները կազմում էին 394/396 դրամ/դոլար, ապա մարտի 17-ի երեկոյան այն հասավ 410/413 դրամ/դոլարի: Անցյալ շաբաթ բորսայում (մարտի 9-12) կատարվել են արտարժույթի առքուվաճառքի 15.803 մլն.դոլար ծավալով գործարքներ, մարտի 15-ին` 6.1 մլն.դոլար ծավալով, 396.94 դրամ/դոլար փոխարժեքով գործարքներ, մարտի 16-ին գործարք չի իրականացվել, իսկ մարտի 17-ին տեղի են ունեցել 7.925 մլն.դոլար ծավալով և 402.84 դրամ/դոլար փոխարժեքով գործարքներ: