Շաբաթ, 20 Մարտի 2010 14:03
ՀՀ ԿԲ ապրիլի 14-ից խստացնում է բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը, հետևողականորեն իրականացնելով ՀՀ Կառավարության հետ համատեղ մշակված դեդոլարիզացիային ուղղված միջոցառումները, մի շարք որոշումներ է ընդունել բանկերի որոշ նորմատիվների մեջ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ նաախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ կայացած Խորհրդի նիստում ընդունվել է բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվը խստացնելու, ինչպես նաև արժույթի կառավարման նորմատիվը վերականգնելու վերաբերյալ որոշումներ:
Աղբյուրի համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվում խստացվում են բանկի արժութային ակտիվների նկատմամբ պահանջները: Այստեղ, հիմնականում, խոսքը գնում է 100 տոկոս ռիսկայնություն պարունակող վարկերի մասին, որոնցով ռիսկերի բաժինը կսահմանվի 150 տոկոս: Այլ կերպ ասած, եթե նախկինում 100 տոկոսանոց ռիսկային վարկերով պահուստավորվում էր հնարավոր ծախսերը ծածկելուն ուղղված կապիտալի12 տոկոսը, ապա խստացումից հետո կպահուստավորվի 18 տոկոսը:
Արժույթի կառավարման նորմատիվում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը հաշվարկները կիրականացվեն հետևյալ կերպ`յուրաքանչյուր արժույթով երկար դիրքը չպետք է գերազանցի կապիտալի 7 տոկոսը, իսկ օգոստոսի 1-ից` 7 տոկոսանոց այդ սանդղակը կգործի բոլոր բացված դիրքերի համար: Նույն նիստում որոշում է ընդունվել նաև լոմբարդային ռեպո-դրույքը 11.5 տոկոս սահմանելու մասին:
Ինչպես նախկինում հայտարարել էր ՀՀ ԿԲ ֆինանսական քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության ղեկավար Վահ Վարդանյանը, ՙդա արվում է, քանի որ անցյալ տարի արժութային բոլոր վարկերը բավականաչափ ձևով բարձրացրին վարկային ռիսկերը, իսկ անորակ ակտիվների բաժինը 2009 թվականի առաջին կիսամյակում կազմեց մոտ 10 տոկոս: Կապիտալի համարժեքության նորմատիվը թույլ կտա բանկերին զսպել արտարժույթով վարկավորման ակտիվությունը, ինչն անուղղակի կերպով կարող է ազդել բանկերի կողմից արժութային միջոցների ներգրավվման գործընթացի վրա: Լիովին հնարավոր է, որ բանկերի վարքագծի նման փոփոխության հետևանքով աստիճանաբար իջնեն արժութային ավանդների տոկոսադրույքները, ինչի հետևանքով էլ կաճի դրամային և արտարժութային ավանդների միջև գոյություն ունեցող մարժան՚: