Երեքշաբթի, 23 Մարտի 2010 16:19
Ամերիաբանկը 2 մլն.դոլար է հատկացնում Purchase Order Financing ծրագրին
ԱրմԻնֆո. “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Ֆինանսական համակարգի կայունացման (FS Share) ծրագրի շրջանակներում սկսում է Գնման հայտերի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing), որը նախատեսված է ՓՄՁ-ների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ծրագրի իրականացման համար բանկը հատկացնում է 2 մլն.դոլար:
Աղբյուրի համաձայն, ծրագիրը նպատակ ունի նպաստել ՓՄՁ-ների վաճառքների ծավալների, եկամտի ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` շրջանառու կապիտալի ֆինանսավորման միջոցով: Նշված ֆինանսավորումը նախատեսված է առևտրի, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվության տեխնոլոգիաների, էներգետիկաի ձեռնարկությունների համար, որոնց շրջանառու միջոցների ֆինանսավորումն ապահովված է հաստատված գնման հայտով կամ առուվաճառքի պայմանագրով: Ծրագիրն ուղղվելու է հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման, փաթեթավորման և/կամ արտադրական այլ ծախսերի ֆինանսավորմանը:
Ներկայացված ծրագրի իրագործումն էապես կնպաստի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը, վաճառքի ծավալների և եկամտի զգալի ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: