Չորեքշաբթի, 24 Մարտի 2010 17:27
NASDAQ OMX Armenia բորսայում ապրիլից կսկսի գործել միջբանկային վարկերի overnight հարթակը
Արմինֆո. Ընթացիկ տարվա ապրիլից NASDAQ OMX Armenia հայկական ֆոնդային բորսայում կսկսի գործել հայկական շուկայի համար նոր` միջբանկային դրամային վարկերի overnight հարթակը, որը նախատեսված է երկրում աշխուժացնել ՀՀ դրամով տրամադրվող վարկերի շուկան: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են մի շարք առևտրային բանկերի դիլինգային կենտրոններից:
Միջբանկային overnight վարկերի սեկտորում նվազագույն չափաբաժինը կկազմի 10 մլն.դրամ: Ինչպես նախկինում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել էր բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, այդ վարկերով գործարքների սակագները կլինեն առավելագույնս ցածր, որպեսզի հարվածի տակ չդրվեն դրանց տոկոսադրույքները: Միջբանկային վարկավորման սեկտորում մասնակցության վճարը կես տարվա համար սահմանվել է մոտ 180 հազ.դրամ (ԱԱՀ հետ միասին), վարկավորումը կիրականացվի, բացառապես, ՀՀ դրամով, սակայն, հետագայում բացառված չէ նաև արտարժույթով վարկավորելու հնարավորությունը:
Նախնական փուլում կօգտագործվի միայն մեկ ֆինանսական գործիք`1 օր տևողությամբ overnight վարկային ռեսուրսները: Սակայն, բորսայական սակարկությունների ավելի արդյունավետ ու ճկուն հաշվարկային-քլիրինգային համակարգի ներդրումից հետո, կքննարկվի ավելի երկարաժամկետ վարկային ռեսուրսների ներդրումը:
Հաշվարկներն իրականացնող բանկի դերում հանդես կգա ՀՀ Կենտրոնական բանկը, իսկ տեղի ունեցած գործարքներով քլիրինգային հաշվարկները կիրականացնի բորսան: Սակարկությունների ավարտից անմիջապես հետո կանցկացվի բազմակողմանի քլիրինգ, որից հետո բոլոր տեղեկությունները կուղարկվեն ԿԲ, գործարքների մասնակիցների (կոնտրագենտների) հաշիվներին համապատասխան միջոցները փոխանցելու համար: Այնուհետև, հաջորդ օրը, առավոտյան, վերջնական փոխհաշվարկներով կիրականացվի քլիրինգ:
Նշենք, որ Հայաստանում գործող 22 առևտրային բանկերից 20-ը հանդիսանում է բորսայի անդամ, իսկ մնացած երկուսը հանդես են գալիս մասնակցի դերում: ԱրմԻնֆո գործակալության տվյալներով, 2009 թվականի ընթացքում միջբանկային դրամային վարկերի/ավանդների ծավալները կազմել են մոտ 45.6 մլրդ.դրամ: