Ուրբաթ, 19 Մարտի 2010 11:50
Յունիբանկ՚-ը մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը
ԱրմԻնֆո. ՙՅունիբանկ՚-ն իր կողմից թողարկված U-Stream վարկային քարտերի սահմանաչափը մեծացրել է մինչեւ 5 հազար ԱՄՆ դոլարի: Ինչպես հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը, սահմանաչափը մեծացվել է հաշվի առնելով ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումների համակարգի նկատմամբ մշտական հաճախորդների պահանջները:
Աղբյուրի համաձայն, U-Stream քարտը նախատեսված է ՙՅունիստրիմ՚ համակարգի մշտական հաճախորդների համար: Քարտը կարող են ձևակերպել ՙՅունիստրիմ՚ համակարգի այն հաճախորդները, ովքեր ստացել են դրամական փոխանցումներ մեկ տարվա ընթացքում և չունեն բացասական վարկային պատմություն: Քարտի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ և երրորդ անձի երաշխավորություն: U-Stream վարկի առավելագույն ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:
Թողարկված պլաստիկ քարտերի քանակով ՙՅունիբանկ՚-ն ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում: Այս տարվա մարտի սկզբին բանկի քարտերի քանակը կազմել է մոտ 41 հազար, որից 29 հազարը բաժին է ընկել VISA միջազգային քարտերին:
Նշենք նաեւ, որ POS-տերմինալների քանակով ՙՅունիբանկ՚-ը զբաղեցնում է երկրորդ, իսկ բանկոմատների քանակով` երրորդ տեղերը: