Երեքշաբթի, 30 Մարտի 2010 17:50
Առևտրի և ծառայությունների ոլորտները 2010 թվականին որոշիչ դեր կխաղան Հայաստանի տնտեսական գործընթացներում
ԱրմԻնֆո. Առևտրի և ծառայությունների ոլորտները 2010 թվականին որոշիչ դեր կխաղան Հայաստանի տնտեսական գործընթացներում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքերով, 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծառայությունների մատուցման ոլորտում արդեն անկում է արձանագրվել, իսկ առևտրի ոլորտում տիրող իրավիճակը դուրս է ամեն մի տրամաբանությունից: Եթե երկիրը չի արտադրում, ապա, այդ դեպքում, ի՞նչ է վաճառելու: Իսկ երկիրը վաճառում է այն, ինչն ինչ-որ ժամանակ եղել է ՙստվերում՚:
Նրա կարծիքով, 2010 թվականին Հայաստանի բնակիչներն իրենց վրա կզգան անցյալ տարվա տնտեսական անկման ողջ ծանրությունը: Պարենամթերքի և էներգոռեսուրսների միջազգային գների աճը նույնպես կնպաստի երկրում տիրող իրավիճակի վատթարացմանը: Արդյունքում, 2010 թվականին, փորձագետի կանխատեսումներով, կաճի այն մարդկանց թիվը, որոնք կցանկանան իրենց ապագան կառուցել Հայաստանից դուրս:
Բ.Ասատրյանի խոսքերով, 2010 թվականի հունվար-փետրվար ամիսների գրանցված`ՀՆԱ 3.1% աճը չի կարող արտացոլել երկրում տիրող իրավիճակը և չի կարող երաշխիք հանդիսանալ, որ տնտեսությունը նման աճ կարձանագրի նաև ամբողջ տարում, քանի որ տարվա առաջին 2-3 ամիսներին ստեղծվում է ՀՆԱ մոտ 8-9%-ը: