Ուրբաթ, 2 Ապրիլի 2010 18:00
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի փետրվարին աճել է 2.5%, կազմելով 2 մլրդ. դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի փետրվարին աճել է 2.5%, իսկ տարվա կտրվածքով`23.3%, 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմելով 755 մլրդ.դրամ կամ 2 մլրդ.դոլար: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի հաշվառման վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 722 մլրդ.դրամ կամ 1.9 մլրդ.դոլար, աճելով փետրվարին 2.2%, իսկ տարվա կտրվածքով` 20.1%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 48.3% կամ 348.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը`51.7% կամ 373.3 մլրդ.դրամ:
ՀՀ դրամով վարկերի ընդհանուր ծավալների մեջ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 76.5% կամ 266.7 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը`23.5% կամ 82 մլրդ.դրամ:
Երկարաժամկետ արտարժույթային վարկերի բաժինը կազմել է 79.8% կամ 297.8 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը` 20.2% կամ 75.5 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3.7% կամ 27.8 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.7% կամ 5.1 մլրդ.դրամ:
Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը` 97.2% կամ 27.1 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի փետրվարին դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են`19.07%-ից մինչև 19.88%, իսկ տարվա կտրվածքով աճել են մեկ տոկոսային կետով: