Երեքշաբթի, 30 Մարտի 2010 11:34
Յունիբանկ՚-ը համալրել է կանոնադրական կապիտալը, հասցնելով 11.4 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. ՙՅունիբանկ՚-ը համալրել է կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով, հասցնելով այն 11,4 մլրդ դրամի: Կապիտալի համալրումն անհրաժեշտ էր բանկին 2010 թվականին 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացման նպատակով: Այս տարի ՙՅունիբանկ՚-ի վարկային ներդրումները կկազմեն 90 մլրդ դրամ: Բանկը նախատեսում է նման արդյունքի հասնել գործունեության ծավալների ընդլայնման շնորհիվ` ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ վարկավորման ոլորտներում:
ԱրմԻնֆո գործակալության տվյալներով, կապիտալի համալրումը տեղի կունենա բաժնետոմսերի փակ թողարկման միջոցով, որն արդեն ավարտված և հաստատված է ՀՀ ԿԲ կողմից: Թողարկման արդյունքում, բանկի միակ բաժնետեր, ՙՌիպատոնսո հոլդինգ՚ հայաստանյան ոչ ռեզիդենտ ընկերության բաժնեմասը քառորդ անգամ փոքրացել է, քանի որ կապիտալում նորից փայատերեր են դարձել բանկի նախկին բաժնետերերը`Գագիկ Զաքարյանը (Յունիբանկի Խորհրդի նախագահ և մոսկովյան Յունիաստրում Բանկի Վարչության նախագահ) և Գեորգի Պիսկովը (Յունիբանկի Խորհրդի անդամ և Յունիաստրում Բանկի Խորհրդի ղեկավար): Ի դեպ. նշված անձինք էլ հանդիսանում են ՙՌիպատոնսո հոլդինգ՚-ի սեփականատերերը (հավասար պայմաններով):
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և Ռենկինգի, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Յունիբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 11.6 մլրդ.դրամ (6 տեղ), կանոնադրական կապիտալը` 8.6 մլրդ.դրամ (8 տեղ), ակտիվները`108.6 մլրդ.դրամ (5 տեղ): Մասնավորապես, արդյունաբերության ոլորտի վարկավորմոն ծավալներով բանկը զբաղեցրել է առաջին տեղը, հիփոթեքային վարկավորման ծավալներով`երկրորդ տեղը, ավտովարկավորման ծավալներով`առաջին տեղը: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Յունիբանկը ավանդների ծավալներով զբաղեցրել է առաջին տեղը`73.2 մլրդ.դրամ, որտեղ մեծ մասը ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցներն են: