Շաբաթ, 10 Ապրիլի 2010 10:29
Համաշխարհային բանկը հայ ապահովագրողներին առաջարկում է ապահովագրել բնական աղետներից
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկն այսօր Հայաստանի ապահովագրական ընկերությունների ուշադրությանն է ներկայացրել բնական աղետներից տարածաշրջանային ապահովագրության մի նախագիծ: Ինչպես հաղորդել է նախագծի փորձագետ Էլիսոն Քեյվը (Alison Cave), ծրագիրը մշակված է Հարավ-Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների համար: ՙՀայաստանը նույնպես ենթակա է բնական բնույթի աղետների և անհրաժեշտ է ստեղծել տնտեսվարող սուբյեկտների, փոքր և միջին բիզնեսի, ֆերմերների վնասները փոխհատուցելու հնարավորություն՚,-նշել է Է.Քեյվը:
Նրա խոսքերով, ապահովագրողների հետ նախագիծը քննարկելուց հետո, համապատասխան քննարկումներ տեղի կունենան նաև ՀՀ Կառավարությունում: Ամենառիսկային գոտիները բացահայտելու նպատակով նախատեսվում է իրականացնել տարածքի քարտեզագրման և կլիմայական վերլուծության աշխատանքներ:
Է.Քեյվը հաղորդել է, որ սակագները հաշվելու համար պահանջվում են լուրջ, ակտուարական աշխատանքներ, և տարածաշրջանի երկրների մասնակցությունը նախագծին թույլ կտա նշված ապահովագրական ծառայությունը դարձնել մատչելի:
Նախագծի փորձագետը ձեռնպահ է մնացել որևէ ժամկետներ նշելուց, ավելացնելով, որ ծրագիրը հարկավոր է ներդնել հնարավորին չափով սեղմ ժամկետներում:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի ապահովագրական շուկայում գործում են 10 ապահովագրական ընկերություններ, որոնք մատուցում են 12 տեսակի ապահովագրական ծառայություններ: