Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 17:51
ՀՀ ԿԲ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0.5 տոկոսային կետով և սահմանեց 7 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0.5 տոկոսային կետով և սահմանեց 7%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդվե% է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումը կայացվել է ՀՀ Կենտրոնական բանկի այսօր կայացած Խորհրդի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2010 թ. մարտին, նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%:
Խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների և հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձևավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին:
ՀՀ ԿԲ գնահատականներով, ձևավորված մակրոտնտեսական միջավայրի և ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռևս կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն:
Հաշվի առնելով վերոնշյալը, Խորհուրդը շարունակում է կարևորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձևավորմանը: Վերջինս, Կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար: