Հինգշաբթի, 15 Ապրիլի 2010 10:44

Միայն 2010 թվականի առաջին եռամսյակում ԴԱՀԿ ծառայությունը բանկերի օգտին իրականացրել է 2.8 մլրդ.դրամ գումարով, 3790 կատարողական գործողություն


ԱրմԻնֆո. ՀՀ Արդարադատության նախարարության Դատական Ակտերի Հարկադիր Կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը 2010 թվականի առաջին եռամսյակում բանկերի օգտին իրականացրել է 3790 կատարողական գործողություն, բռնագանձելով 2.8 մլրդ.դրամ գումար:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդվել է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, կատարողական գործողությունների ընդհանուր թվի 40%-ը, կամ 1515 կատարողական վարույթ, կազմել են ACBA-Credit Agricole Bank-ի օգտին իրականացված գործողությունները` 988.8 մլն.դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում բանկի պարտատերերի հիմնական մասը գտնվել են Երևանից դուրս և միայն 215-ն է գտնվել Երևանում: Կատարողական վարույթների քանակով երկրորդ տեղում է Ինեկոբանկը` 578 կատարողական թերթ, 177 մլն.դրամ գումարով, իսկ երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը`526 կատարողական թերթ, 938 մլն.դրամ գումարով:

Աղբյուրի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայությունը բանկերին է վերադարձրել 1.484 մլրդ.դրամ, որի 933 մլն.դրամը`ֆիզիկական անձանցից (1216 վարույթ), իսկ 551 մլն.դրամը`իրավաբանական անձանցից:

Ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին իրականացվել է բռնագանձման 642 կատարողական վարույթ, այդ թվում, ՙԱրեգակ՚ ՈՒՎԿ օգտին`222 վարույթ, իսկ ՙՖինքա՚ ՈՒՎԿ-ի օգտին`254 վարույթ: Հետաքրքական է, որ այս երկու ընկերությունների ընդհանուր վարույթների մեջ Երևանում իրականացվել է ընդամենը 158 վարույթ: