Ուրբաթ, 16 Ապրիլի 2010 17:31
KfW շարունակում է աջակցել Հայաստանի հիպոթեկային շուկայի զարգացմանը
ԱրմԻնֆո. Գերմանական KfW բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը ՙԲնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման՚ ծրագիրը շարունակելու նպատակով ապրիլի 19-ին Երևանում կստորագրեն 20 մլն.եվրո գումարի լրացուցիչ վարկային ռեսուրսների ստացման պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է KfW հայկական ներկայացուցչության ղեկավար Կարապետ Գևորգյանը, հայկական կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ գերմանական կողմից` KfW առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերը:
Նրա խոսքերով, ծրագրի շրջանակներում առաջին տրանշի տրամադրումը նախատեսվում է ընթացիկ տարվա հունիսին`Խորհրդարանի կողմից միջպետական համաձայնագրի վավերացումից հետո: ՙԻրականում սա կլինի երրորդ տրանշը այս հիպոթեկային ծրագրի շրջանակներում, կամ էլ`ծրագրի երկրորդ փուլը՚,-նշել է նա: Կ.Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ վարկերի պայմանները վերանայվում են, սակայն այսօր արդեն կարելի է վստահությամբ նշել, որ տրամադրվող վարկերի մարման ժամկետները նախատըեսված են 10 և ավելի տարիների համար, իսկ կանխավճարները` ձեռք բերվող գույքի 30%-ը: