Ուրբաթ, 23 Ապրիլի 2010 11:00
Ամերիաբանկը գործարկման է դնում ստրուկտուրային ավանդի ծառայությունը
ԱրմԻնֆո. Մոտ օրերս Ամերիաբանկն իր հաճախորդներին կառաջարկի նոր`ստրուկտուրային ավանդի ծառայությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նրա խոսքերով, ավանդից ստացված շահույթը կառուցված կլինի երկու մասից: Առաջին մասն իրենից կներկայացնի հաստատուն շահույթ, որը կվճարվի հաճախորդին, իսկ երկրորդ մասը կվճարվի` կախված այս կամ այն ֆինանսական ակտիվների փոփոխությունից, մասնավորապես, սկզբնական շրջանում այդ ակտիվների դերում կլինեն նավթը, ոսկին և Dow Jones-ի ինդեքսը: ՙԱյս ակտիվների գների տատանումների դեպքում մենք հաճախորդին փող աշխատելու հնարավորություն կտանք, հենվելով նրա վերլուծական և կանխատեսումներ անելու ընդունակությունների վրա, ռիսկի տակ չդնելով ավանդի հիմնական գումարը՚,-նշել է Տ.Ջրբաշյանը:
Դրա հետ մեկտեղ, ըստ Տ.Ջրբաշյանի, բանկը մտադիր է առաջարկել նաև շուկայի համար նորություն հանդիսացող ևս երկու ծառայություն, այդ թվում, մետաղական հաշիվներ, ինչպես նաև մի շարք ներդրումային առաջարկություններ ու ծրագրեր, որոնցից առաջինը կառաջարկվի մայիսի 15-ին: ՙԳտնում ենք, որ ճգնաժամից դուրս գալիս նման ծառայությունների նկատմամբ կդիտվի լուրջ պահանջարկ և, արդեն այսօր, տեղական և օտարերկրյա հաճախորդների կողմից հետաքրքրություն է առաջանում նոր ակտիվներ ձեռք բերելու հարցում՚,-եզրափակել է Տիգրան Ջրբաշյանը: