Երկուշաբթի, 26 Ապրիլի 2010 11:00
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ դրամի անվանական արդյունավետ արժեքն ամրացել է 3.3 տոկոսով
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի անվանական արդյունավետ արժեքը 2010 թվականի առաջին եռամսյակում ամրացել է 3.3%-ով, կապված դրամի նկատմամբ եվրոյի և ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այս մասին նշվել է 2010 թ. ապրիլի 13-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
ԿԲ խորհուրդն ընդգծել է, որ չնայած առաջին եռամսյակում պարբերաբար նկատված դրամի արժեզրկմանը, նախորդ եռամսյակի համեմատ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ համարյա փոփոխության չի ենթարկվել:
ԿԲ խորհուրդը փաստել է, որ տարվա սկզբից մշտապես իրականացվող դրամավարկային քաղաքականության խստացումը, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի եռամսյակի ընթացքում 1.5 տոկոսային կետով բարձրացումը և դրամի առաջարկի կոշտ կարգավորումը, բերեցին դրամային բազայի և դրամական ագրեգատների կրճատման, ինչն ավելի խորապես է արտահայտվել դրամային բաղադրիչի վրա: Դրան զուգահեռ, միջբանկային ռեպո-գործարքների շուկայում առաջին եռամսյակում արձանագրվել է տոկոսադրույքների աճ (3-4 տոկոսային կետով): Միաժամանակ, պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալների կրճատման պայմաններում առաջնային շուկայում դրանց շահութաբերությունը համարյա չի փոփոխվել:
Ինֆլյացիան զսպելու առումով ԿԲ Խորհուրդը հատուկ նշանակություն է տվել կատավարության հակաճգնաժամային միջոցառումներին, մասնավորապես, բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված քայլերին և հարկերի հավաքման ներկայիս տեմպերի պահպանմանը: Նշվել է, որ այդ քայլերի իրականացումն իրական նախադրյալներ կստեղծի 12-ամսյա ինֆլյացիայի տեմպերի նվազեցումն արագացնելու և նպատակային ինֆլյացիայի սահմաններ վերադառնալու համար:
ՀՀ ԿԲ Խորհուրդը որոշել է բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.0%: Իսկ ներգրավված ավանդների և լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար՝ 4.0% և 12.0%: