Երեքշաբթի, 27 Ապրիլի 2010 16:32
ՙԳարանտ-Լիմենս՚ ապահովագրական ընկերությունը բարելավում է ցուցանիշները
ԱրմԻնֆո. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, ՙԳարանտ-Լիմենս՚ ապահովագրական ընկերությունը 2010 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել է մոտ 95 մլն.դրամի ապահովագրական պրեմիաներ, տարվա կտրվածքով ապահովելով ցուցանիշների 46% աճ, սակայն երկու տարվա արդյունքներով այս ցուցանիշը նվազել է 39%-ով: Հաշվետու եռամսյակում ընկերությունն իրականացրել է 25.7 մլն.դրամի ապահովագրական հատուցում, ինչը նույնպես 8%-ով գերազանցում է 2009 թվականի նույն եռամսյակի ցուցանիշը:
Հաշվետու եռամսյակում ընկերության ակտիվները հասել են 1.642 մլրդ.դրամի, որտեղ կանոնադրական կապիտալը կազմել է 1 մլրդ.դրամ: Ընկերության մաքուր շահույթը տարվա կտրվածքով աճել է ավելի քան 3 անգամ, կազմելով 27 մլն.դրամ: Ընկերությանը հաջողվել է ակտիվանանալ մի քանի հատվածներում: Այսպես, եթե 2009 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը իրականացնում էր միայն բժշկական ապահովագրություն, ապա հաշվետու եռամսյակում զբաղվել է նաև դժբախտ պատահարներից, տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների շահագործման պատասխանատվության, արտասահաման մեկնողների և գույքի ապահովագրությամբ: Սակայն, ընկերության հիմնական կողմնորոշումը մնում է բժշկական ապահովագրությունը, որի բաժինը ապահովագրական պորտֆելում անցնում է 80%-ից:
Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 1999 թվականից: Ընկերության խոշոր բաժնետերերն են հանդիսանում Արա Բաբլոյանը`27% և Արաբկիր բժշկական կենտրոնը`9%: